Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս երկուսին՝ Թաթուլ Թամրազյանին ու Գևորգ Իրիցյանին կալանքից ազատելու միջնորդությունը:

Դատավոր Արշակ Վարդանյանի հիմնավորմամբ՝ այս պահին այդ ամբաստանյալների ազատ արձակման պարագայում առաջ կգան որոշ վտանգներ․ - «Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, դատարանում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատարանի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու ճանապարհով խոչընդոտելը»:

Թաթուլ Թամրազյանի ու Գևորգ Իրիցյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը անհասկանալի է համարում, երբ նույն գործով, փաստական նույն հանգամանքների պարագայում դատարանները որոշ ամբաստնյալների ազատում են կալանքից, այլ անձանց դեպքում՝ մերժում․ ֊ «Նախորդ շաբաթ այս նույն դատավորը մեկ այլ անձի դեպքում այդ ռիսկը չտեսավ: Այսինքն, այսօր վերացական ռիսկի մասին է խոսում, որը մեկ շաբաթ առաջ չունեինք, չունեինք երկու շաբաթ առաջ ևս երկու անձանց դեպքում: Այսօր այդ ռիսկը դատավորի մոտ առաջացավ: Ես չգիտեմ, այդ երկու շաբաթները, որ անցել են, դատավորի մոտ մտքի ինչ հեղափոխություն է եղել հետադիմական, որ այսօր ինքը ռիսկ է տեսել: Ընդ որում, այդ ռիսկը օրենքից չբխող ռիսկ է, վերացական հայտարարություն է»:

Շուրջ 10 օր առաջ կալանքից ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կարծիքով, դատարանների հակասական որոշումները ցույց են տալիս, որ այդ համակարգը մաքրման անհրաժեշտություն ունի․ - «Սա ևս մի ապացույց ա, որ իշխանությունը ամբողջական չի փոխվել, և դատական իշխանությունը դեռ նեխած վիճակում ա և գտնվում է նախորդ իշխանությունների որոշակի ազդեցության տակ»:

«Սասնա ծռեր» զինված խմբի երկու անդամների խափանման միջոց կալանավորումը վերացնելու համար այսօր երաշխավորությամբ հանդես էին եկել խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանն:

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կալանքից ազատումը չի նշանակում, թե «Սասնա ծռերի» գործով արդարադատություն չպետք է լինի․ - «Մեր երկրում անտրամաբանական շատ է կալանքը կիրառվում որպես խափանման միջոց: Էդպես չպիտի լինի: Բացի դրանից, լինենք անկեղծ, բոլորիս համար էլ պարզ է, որ այս գործում մեծ է քաղաքական ենթատեքստը: Ո՞րն է իմ և իմ գործընկերների երաշխավորության նպատակը: Որպեսզի իրենք լինեն ազատության մեջ, փոխվի խափանման միջոցը, և կարողանան անկաշկանդ մասնակցել դատական գործընթացներին»:

«Սասնա ծռեր»-ի՝ այսօր ազատ չարձակված անդամները մեղադրվում են կազմակերպված խմբով պատանդներ վերցնելու, զենք-զինամթերք պահելու, իսկ Թաթուլ Թամրազյանը՝ նաև շենք-շինություններ գրավելու մեջ: «Սասնա ծռեր»-ի կազմում երկու տարի առաջ՝ հուլիսի 17-ին, ոստիկանական գունդը գրավելիս Թաթուլ Թամրազյանը որովայնի հրազենային վիրավորում էր ստացել ու հաջորդ օրը տեղափոխվել հիվանդանոց:

Նրա պաշտպանն այսօր մտահոգություն հայտնեց, որ կալանքի տակ մնալով կարող են լինել բացասական զարգացումներ․ - «Ցավոք սրտի, պիտի նշեմ, որ Թաթուլ Թամրազյանի դեպքում էական վտանգ կա, որ կարող են հետևանքներ լինել և, սա հատուկ եմ ընդգծում, որ եթե վաղը Թաթուլ Թամրազյանի հետ կապված ինչ-որ իրավիճակ տեղի ունեցավ, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը․․․ Բայց ցանկացած իրավիճակ ՔԿՀ-ում նրա առողջության հետ կապված կամ իր անձի հետ կապված, որոնք տեղի կունենան, դա ամբողջությամբ այդ բեռը մնալու է դատավոր Արշակ Վարդանյանի ուսերին»:

Մեղադրող դատախազը «Սասնա ծռերի» երկու անդամներին կալանքից ազատելու միջնորդությանն այսօր չէր առարկել:

Երեկ կալանքից ազատվել էին զինված խմբի ևս երկու անդամներ:

2016-ի հուլիսին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը երկու շաբաթով գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից այսօրվա դրությամբ կալանքից արդեն ազատվել են 11-ը:

XS
SM
MD
LG