Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանը ազատ արձակվեց


«Սասնա ծռերի» գործով դատական նիստ, արխիվ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստ, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորության դիմաց փոխելու միջնորդությունը և նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Միջնորդությունը այսօրվա դատական նիստի ժամանակ ներկայացրել էր մեղադրյալի պաշտպան Հայարփի Սարգսյանը, հայտնելով, որ իր պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն են տվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ գրավ։

Միևնույն ժամանակ, փաստաբանը շեշտել էր, որ իր պաշտպանյալը, ով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում էր ստացել ոտքից, ստացիոնար բուժման կարիք ունի՝ անցած երկու տարվա ընթացքում նա, ըստ էության, բուժում չի ստացել։

Դատավորը հրապարակել էր Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նա կարիք ունի ստացիոնար բուժման։

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը կարծիք էր հայտնել, որ մեղադրյալին ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը, միևնույն ժամանակ՝ առկա վնասվածքները թուլացնում են քննությանը խոչընդոտելու վտանգը։

Հովհաննես Հարությունյանը դարձավ 9-րդ ազատ արձակվածը «Սասնա ծռեր» զինված խմբից։ Ավելի վաղ դատարանների որոշմամբ կալանքից ազատ են արձակվել Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG