Մատչելիության հղումներ

«Օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում երեկ ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախնական քննության տվյալներով՝ հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված: Համաձայն դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ 11.19 գրամ քաշով, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հինգշաբթի օրը Մակարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը՝ «թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով», պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, Հայաստանի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հաղորդեց «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող շուրջ երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու, դրանց արդյունքում զենք և թմրամիջոցներ առգրավելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG