Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանի հայտարարությունը «նպատակ ունի կանխել հայաստանյան զարգացումների կրկնությունը Ղարաբաղում»


Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում: 9-ը մայիսի, 2018

Քաղաքական մեկնաբանների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում 2020 թվականին չառաջադրվելու մասին Բակո Սահակյանի հայտարարությունը նպատակ ունի կանխել հայաստանյան զարգացումների կրկնությունը Ղարաբաղում:

Հակոբ Բադալյանի կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հասկացել են, որ փոփոխությունների չգնալը կվտանգի ոչ միայն սեփական դիրքերը, այլ նաև հակամարտության գործընթացում հայկական կողմի դիրքերը․ - «Լավ է ուշ, քան երբեք: Շատ լավ է, որ Հայաստանում փոփոխությունները Արցախի իշխանությունը, համարժեք ընկալելով, օգտագործեց նաև որպես առիթ Արցախում փոփոխությունների գնալու: Առավել ևս՝ երբ այդ առիթը տվեցին Արցախի քաղաքացիները, որոնք մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր էին անում»:

ԼՂ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների մասնակցությամբ տասն օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպից հետո մեկնարկած բողոքի միջոցառումները հանգեցրին ոչ միայն ԼՂ ԱԱԾ ու Ոստիկանության ղեկավարների, այլ նաև Ղարաբաղի պետնախարարի հրաժարականին:

Եվ երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020-ի նախագահական ընտրություններին ինքը չի առաջադրվելու․ - «Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես Հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես, որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և՛ նախագահի, և՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»:

Հակոբ Բադալյանի կարծիքով, Բակո Սահակյանի հայտարարությանը պետք է հաջորդեն իրական փոփոխություններ, հակառակ դեպքում առկա դժգոհությունը մեղմել չի ստացվի․ - «Եթե իշխանությունը ներքին համոզումով չի անում, այլ ընդամենը խորամանկ հաշվարկով, որ մի քանի պաշտոնանկություն, մեկ-երկու էսպիսի հայտարարություն, և հանրությունը կբավարարվի, ապա սա ևս վտանգավոր խաղ է: Պետք է անել իսկապես փոփոխություններ, ոչ թե հնարքներ, փոփոխությունների իմիտացիա: Եվ այս տեսանկյունից ես լիահույս եմ, որ Արցախի իշխանությունը այս ամենը ընդամենը հնարքի տրամաբանության մեջ չի դիտարկում և իսկապես հասկանում է, որ բոլոր առումներով՝ թե՛ ներքին արդյունավետության, թե՛ արտաքին, թե՛ անվտանգության և ընդհանրապես Հայաստանի, հայկական պետականության լայն կոնտեքստում, Արցախում էլ փոփոխություններն անհրաժեշտ են»:

Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից՝ արդեն 11 տարի: Նախորդ տարեսկզբին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն, մինչև 2020 թվականը Ղարաբաղում պետք է կառավարի անցումային փուլի նախագահը: Այդ պաշտոնում նույնպես ընտրվել է Բակո Սահակյանը: Ընդդիմադիրների պնդում էին, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Բակո Սահակյանի իշխանության երկարաձգումն է:

Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում երեկ Բակո Սահակյանն անդրադառնալով տեղի ունեցած բողոքի միջոցառումներին՝ ընդգծեց, որ հետևություններ արվել են, սակայն տեղի ունեցածը քաղաքական ճգնաժամ չէր․ - «Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վերհանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել: Ցավոք, մենք նաև ականատես եղանք մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի գլխավորությամբ վաղը ևս Ստեփանակերտում հավաք է նախատեսված:

XS
SM
MD
LG