Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար


Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

«Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար:Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը», - գրել է Տեր-Պետրոսյանը «Լավատեսական ահազանգ» վերնագրված իր ուղերձում:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»:

Տեր-Պետրոսյանը շարունակում է․ - «Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ինքը և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով մեկնել են Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծել իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը:

Առաջին նախագահը հույս է հայտնում, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի՝ հավելելով․ - «Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Հիշեցնենք, երեկ որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան սկսվել է, այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, ոստիկանությունը չի մանրամասնում։

Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG