Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հայտարարել է 2020-ին չառաջադրվելու որոշման մասին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Բակո Սահակյանը ասել է Ղարաբաղի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա հավելել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է «արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից»: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և նախագահի, և խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- հայտարարել է Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG