Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան կարող է սառեցնել Պուտինի հետ կապեր ունեցող օլիգարխների ակտիվները. The Sunday Times


Մեծ Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը ընդլայնում է այդ երկրում ռուսաստանցիների դեմ հետաքննությունը և կարող է սառեցնել ռուսաստանցիների ակտիվները։ Այդ մասին կիրակի օրը գրել է The Sunday Times-ը՝ պարզաբանելով, որ խոսքն այն օլիգարխների և մեծահարուստների մասին է, որ կապված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ցուցակում, ըստ The Sunday Times-ի, 130 ազգանուն կա, և այդ մեծահարուստ ռուսաստանցիների ակտիվները կարող են սառեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների՝ «կեղտոտ» փողերի դեմ պայքարի արդյունքում։

The Sunday Times-ը վկայակոչում է գործակալության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող կառույցի ղեկավար Դոնալդ Թունին։ Թունի ղեկավարած կառույցում, ըստ The Sunday Times-ի, ուսումնասիրում են 120-140 մեծահարուստների դեմ գործեր։ Թերթը մանրամասնում է, որ այդ մարդկանց հարստության օրինականությունը կասկածի տակ է։

«Մեր կազմակերպության գործունեության հիմքում կոռումպացված տարրերի և ապօրինի ճանապարհով հարստացած անձանց դեմ պայքարն է», - ասել է Թունը։

Բրիտանացի պաշտոնյան, սակայն, թերթին ասել է, որ իրենք չեն առանձնացնում հանցագործություններն ազգային սկզբունքով։

Ամեն դեպքում, Թունի խոսքով, ինչպես The Sunday Times-ն է հայտնում, այդ մարդկանց մի մասը կա՛մ ռուսաստանցիներ են, կա՛մ Ռուսաստանի հետ ինչ-որ կապեր ունեն։

Մեծ Բրիտանիայում օրենքը պահանջում է տնտեսական հանցագործությունների մեջ կասկածվող անձանց բացատրել 50 հազար ֆունտ ստերլինգից ավելի ակտիվների աղբյուրը։

Բրիտանացի չինովնիկների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում մշտական կամ ժամանակավոր բնակվող մեծահարուստ ռուսաստանցիների հարստությունն այս կամ այն ձևով կապված է Պուտինի հետ։

Այս ստուգումները և ստուգումների մասին հայտարարությունները սկսվել են մարտին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին սպա Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո, որի մեջ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին։

Անցած օրերին ուշադրության կենտրոնում ռուսաստանցի թերևս ամենահայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչի պատմությունն է. անգլիական հայտնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ մուտքի արտոնագիրը Բրիտանիայի իշխանությունները չէին երկարաձգել։ Աբրամովիչը փոխարենը ստացել է Իսրայելի քաղաքացիություն, ինչ նրան թույլ է տալիս առանց վիզայի այցելել Մեծ Բրիտանիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG