Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան չի երկարաձգել Ռոման Աբրամովիչի մուտքի արտոնագիրը. The Bell


Ռոման Աբրամովիչ, արխիվ
Ռոման Աբրամովիչ, արխիվ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն երկարաձգել ռուսաստանցի ամենահարուստ օլիգարխներից մեկի՝ Ռոման Աբրամովիչի մուտքի արտոնագիրը։ Այդ մասին երեկ հաղորդել է The Bell-ը՝ վկայակոչելով գործարարի շրջապատը։

Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող օլիգարխի նախորդ վիզան ավարտվել է դեռևս երեք շաբաթ առաջ։

Բրիտանական մամուլը միևնույն ժամանակ գրում է, որ Բրիտանիայի իշխանություններն, ամեն դեպքում, չեն մերժել Աբրամովիչին, պարզապես դեռ ուսումնասիրվում են նրա փաստաթղթերը։

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը նույնպես երեկ գրել է, թե դեռ չի կարելի ասել, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են Աբրամովիչի մուտքը երկիր, պարզապես չափից երկար է տևում գործընթացը։

Սա թերևս առաջին հայտնի դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում են ռուսաստանցի օլիգարխի մուտքն այդ երկիր։

Նշենք, որ հենց Լոնդոնում են մեծամասամբ բնակվում ռուսաստանցի օլիգարխներն, օրինակ՝ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը։ Լոնդոնը նաև Ռուսաստանից ինչ-ինչ պատճառներով հեռացած Ռուսաստանցի մեծահարուստների հանգրվանն է։

BBC-ն վերջերս նույնիսկ МакМафия վերնագրովսերիալ էր ցուցադրել Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մաֆիոզ օլիգարխների մասին։

Աբրամովիչը, հիշեցնենք, բրիտանական Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, սակայն վիզա չունենալու պատճառով նա չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի եզրափակիչի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հայտարարել էր, թե իշխանությունները սկսել են ստուգել հարուստ ռուսների մուտքի արտոնագրերը։

Լոնդոնն այս քայլին, հիշեցնենք, գնացել է Ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելուց հետո, Ռադը նաև հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր է ստուգել 2008-2015 թվականներին ռուսաստանցիներին տրված շուրջ 700 վիզաներ։

Հիշեցնենք՝ բրիտանական այսպես կոչված ներդրումային վիզան կարելի է ձեռք բերել, եթե այդ երկրի տնտեսությունում ներդրել ես ավելի քան 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ռուսաստանցի օլիգարխների և մեծահարուստ չինովնիկների համար սա իհարկե ծիծաղելի գումար է։

Լոնդոնում այնքան շատ ռուս մեծահարուստ է ապրում, որ Մոսկվայում նույնիսկ կատակում են՝ ասելով, որ իրականում Լոնդոնը պետք է անվանել Լոնդոնգրադ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG