Մատչելիության հղումներ

Նորակերտի համայնքապետարանում չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել․ դատախազություն


Նորակերտցիների բողոքի ակցիան, 15-ը մայիսի, 2018թ․
Նորակերտցիների բողոքի ակցիան, 15-ը մայիսի, 2018թ․

Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:

«Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել Hetq.am լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը: Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Բացի այդ, Արմավիրի մարզի դատախազություն է ուղարկվել նաև ՀՀ տարածքային նախարարի մայիսի 21-ի գրությունը և դրան կից Նորակերտ համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվող վերը նշված նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար», - փոխանցում է դատախազությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ «նախապատրաստված նյութերով բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Նորակերտ համայնքին»:

Նախապատրաստված նյութերի հիման վրա երեկ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով: Գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնին:

Նորակերտցիների բողոքի ակցիայի մասին «Ազատության» մայիսի հրապարակումը տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG