Համայնքապետից պահանջում են Նորակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը, որ, բնակիչների պնդմամբ, օտարվել են օրենքի պահանջների անտեսմամբ, ինչպես նաև բնակիչների կարծիքը հաշվի չառնելով և առանց ավագանու որոշման հրապարակայնացնելու, վերադարձնել համայնքին։
«Դեմ ենք էս ապօրինություններին, բյուջեի անխնա վատնմանը․ 15 հատ ծառ են տնկում, միլիոն ու կես փող են դուրս գրում», - ասաց միջին տարիքի մի նորակերտցի։
Բնակիչները պնդում են, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանի կողմից համայնքային բյուջեի չարաշահումներ են տեղի ունեցել։ 16 տարի գյուղը ղեկավարող հանրապետական համայնքապետը «Ազատության» հետ զրույցում հերքեց բնակիչների պնդումները. - «Դա բացառվում ա, տենց բան չի կարա լինի․․․ Երբ որ օրենքը դա կգտնի, եթե մենք սխալ ենք եղել, թող մեզ պատժեն»։
Գյուղի բնակիչ Ավետիք Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե համայնքային բյուջեն անխնա ծախսվում է, սակայն՝ ոչ գյուղի բարօրության համար. - «Էսօր ոչ մեկի թոռնիկը, ոչ մեկի էրեխեն չունի խաղահրապարակ: մեծ մարդիկ են դուրս են գալիս նարդի, քարտ խաղալու չկա տարածք։ Բայց այլ տարածքներ առել ա իրա տղեն, քրոջ տղեն, իրա ընգերները, պահակներ ունեն գրանցած։ Ունեցել ենք բուժարանի ավտոմեքենա, որ մեր բժշկուհուն տան, բայց էդ բժշկուին էդ մեքենան չի տեսել»։
Համայնքապետը, սակայն, պնդեց, թե իր գործողությունները եղել են օրինական. - «Դա չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ եկել, 20-30 հեկտար հող են առել։ Ուրեմն համայնքի ղեկավարն իրավունք չունի՞ 5,6,7 հեկտար հող առնի․․․ Ես չեմ հասկանում դա։ Կամ, ասենք, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը համայնքային սեփականության հողերը, շինությունները աճուրդով վաճառել են: Հիմա մեզնից պահանջում են, թե ինչ որ աճուրդով վաճառել եք, պիտի բոլորը բերեք հետ տաք․․․ Եթե օրենքը որոշի, որ մենք պետք է հետ տանք, մենք չենք կարա ասենք ոչ»:
Երեք հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքում ստորագրահավաք է անցկացվում՝ ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին․ Բնակիչները պահանջում են հրապարակել Նորակերտ համայնքի վերջին տարիների բյուջեի հաշվետվությունը․ - «Ուզում ենք հստակ մարդը ամեն ինչը մեզ ներկայացնի, մեր հարկերը ոնց ա ծախսել: Որտեղի՞ց իրան 10 միլիոն դրամանոց մեքենա, որը որ կցված ա գյուղին: Ի՞նչ ա նշանակում գյուղապետը 10 միլիոնանոց ավտո ունենա, ի՞նչ անի: Ես իրան մոտեցել եմ, որ՝ պարոն Կարապետյան էսքան ժողովրդի ձայն կա: Բա՝ դա ինձ չի հետաքրքրում։ Այսինքն՝ ինքը դեռ վստահ ա էն ռեժիմի վրա, որով ինքը սենց ուռճացվել, դառել ա չգիտեմ ով։ Որպես մարդ ես իրա հետ խնդիր չունեմ, բայց որպես ղեկավար ես իրան չեմ տեսնում։ Ես իրան ընտրել եմ երկու անգամ, բայց չեմ ընտրել, որ թալանի, ընտրել եմ, որ ինչ-որ բան անի»։
Բնակիչները պատրաստվում են դիմել նաև Կառավարություն:
«Գյուղապետարանի տարածքը, որ կոմունիստի վախտվանից եղել ա մեր գյուղի համար գյուղապետարան, դա էլ ա սեփականացրած, բուժարանը էլի սեփականացրած, մանկապարտեզի խաղահրապարակն էլ է պարիսպով փակված», - ասաց բողոքավորներից մեկը:
Հարցին, թե ինչպես են բացահայտել այդ, իրենց պնդմամբ, ապօրինությունները, նա պատասխանեց․ - «Միանշանակ գյուղի 90 տոկոսը տեղյակ չի եղել։ Որ պարիսպները շարել են, արդեն առանձնացրել են։ Մենք հետո ենք ճշտել, որ ժամանակին սեփականացրած ա եղել, բայց էլի ծառայել ա որպես գյուղապետարան․․․ Չենք իմացել, որ աճուրդ-վաճառքով սեփականացրել են»: