Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի մոտ կրկին ցույցեր են


Այսօր կեսօրին Երևանի քաղաքապետարանի դիմաց միաժամանակ երկու ակցիա մեկնարկեց։

Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել Տարոն Մարգարյանի աջակիցները։ Հայտարարում էին, որ Մարգարյանը լավ քաղաքապետ է և չպետք է հեռանա պաշտոնից:

Նրանցից քիչ հեռու ցուցարարների մյուս խումբը քաղաքապետի հրաժարականն էր պահանջում։

Տարոն Մարգարյանի աջակիցները նաև ուղերձ հրապարակեցին, որով պնդում էին, որ քաղաքապետը հրաժարական չպետք է տա, և պարտավոր է շարունակել իր ծրագրերը․ - «Փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ, և մեզ տրված խոստումներն էլ չպետք է մնան լուսանցքում»:

Ցուցարարների երկու խմբերի միջև պարբերաբար բանավեճեր էին ընթանում։ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ասում էին, թե գործող քաղաքապետը սպառել է իրեն, չի կարողանում ղեկավարել քաղաքը, իսկ նրան պաշտպանող ցուցարարները համայնքային աշխատողներ են․ - «Շենգավիթի շրջանի թաղապետարանի ավագանիներն են: Բոլորը կա՛մ քաղաքապետարանի աշխատող են, կա՛մ թաղապետարանի»:

Տարոն Մարգարյանին պաշտպանող ցուցարարների հետ էր նաև Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը։ Նա առավոտից հրահանգներ էր տալիս:

Հարցին, թե արդյոք ինքն էլ ցուցարարների հետ է, Մկրտչյանն արձագանքեց, որ ինքը ընդամենը փորձում է ապահովել, որ ցուցարարների խմբերի իրարից հեռու կանգնեն:

Քիչ անց քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարեցին, որ բարձրանում են քաղաքապետարանի մուտքի մոտ: Տարոն Մարգարյանին պաշտպանող ցուցարարները փակեցին շենքի մուտքը, քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանության միջամտությունից հետո քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մի փոքր հեռու գնացին, մինչդեռ ցուցարարների մյուս խումբը շարունակում էր մուտքը փակ պահել, ներս չէին թողնում անգամ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին։

Քիչ անց ավագանու անդամին ի վերջո հաջողվեց շենք մտնել, իսկ ցուցարարները կրկին փակեցին մուտքը։

Երեկվա ցույցի ընթացքում Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին հաջողվել էր շենք մտել։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են Տարոն Մարգարյանին պաշտպանող և քաղաքապետարանի մուտքը փակած ցուցարարները։

«Ստեղ բանվոր էլ կա, համատիրության աշխատող էլ հնարավոր ա լինի, նախարար էլ հնարավոր ա լինի: Բոլորս էլ Հայաստանի քաղաքացի ենք», - ասաց ցուցարարներից մեկը:

Քիչ անց քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին միացավ նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ միանում են հրաժարականի պահանջին և իրենք էլ են նույն պահանջով գործողություններ արել․ - «Հիմա, եթե գնանք այստեղից հարյուր մետր այն կողմ, կտեսնենք Տարոն Մարգարյանի պատկերը, այսինքն՝ հատված հաստաբուն ծառերը»:

Հիշեցնեմ, Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջող ցույցերը նոր թափ ստացան երեկ՝ երբ քաղաքացիները պատռեցին քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգու շրջակայքում փակցված «Բարեկարգ Երևան» գրություններով պաստառները և պարզեցին, որ այնտեղ ծառեր են հատվել։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով կոչ արեց քաղաքացիներին՝ ժամ 15-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները, բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել գործադուլները: Այս ուղերձը լսելուց հետո Տարոն Մարգարյանի դեմ պայքարող քաղաքացիները հայտարարեցին, որ դադարեցնում են ցույցը, ուղիղ ժամը 15-ին էլ Տարոն Մարգարյանի աջակիցները հայտարարեցին, որ լսում են վարչապետին, բացեցին քաղաքապետարանի մուտքը և հեռացան տարածքից։

XS
SM
MD
LG