Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ արեց դադարեցնել բողոքի գործողությունները, Բաղրամյան 26-ից ուղիղ միացմամբ դիմելով ժողովրդին Փաշինյանն ասաց, թե օրեր առաջ, երբ իրենք էին փողոցներ փակում, գիտեին, որ Հայաստանում չկա իշխանություն, որը ի վիճակի է լսել մարդկանց, լուծել նրանց խնդիրները, բայց հիմա այլ իրավիճակ է:

«Եվ հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով և ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություն», - ասաց վարչապետը՝ հարցնելով․ - «Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում»:

Այս օրերին տարբեր խնդիրներով փողոց դուրս եկած մարդկանց՝ օրինակ տաքսու վարորդներին, «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, «Սասնա ծռեր»-ի համակիրներին Նիկոլ Փաշինյանը հորդորեց ներկայացուցիչների խմբեր կազմել և դիմել իր Կառավարությանը․ - «Այո՛, նաև որոշ մեր սիրելի քաղաքացիներ պետք է համբերությամբ զինվեն, որպեսզի մենք այդ խնդիրները ոչ թե հապճեպ գործողություններ անենք և ունքը սարքելու տեղը աչքն էլ հանենք, այլ խորանանք խնդիրների մեջ, ախտորոշենք պրոբլեմը, հասկանանք պատճառները և գնահատենք հետևանքները, անցնենք առաջ: Հույս ունեմ՝ 15:00-ին իմ կոչ-խնդրանքին կարձագանքեն բոլոր նրանք, ովքեր, այսպես ասած, սաբոտաժի տրամաբանությամբ չեն գործում»:

Այսօր ավելի վաղ՝ Կառավարության նիստի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մասնավորապես «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու պահանջով երեկվանից Արշակունյաց պողոտան փակած ցուցարարներին․- «Ընդհանրապես պետք է շատ հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը, որովհետև ես հստակ իմ դիրքորոշումները արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, և գիտեք՝ ցանկացած ակցիա որ արվում է, ամենավատը այն վիճակն է, երբ ձևակերպված չէ՝ ում դեմ է արվում այդ ակցիան, որովհետև կան պրոցեսներ, և եթե որևէ մեկը ակնկալում է, որ ես պետք է մտնեմ քրեակատարողական հիմնարկներ և դռները բացեմ՝ դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ, և բոլոր հարցերը կլուծվեն»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի կոչերով ցույցերի մասին Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ այդ պահանջը քննարկման ենթակա է, միաժամանակ չթաքցրեց իր դիրքորոշումը․- «Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ, որևէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:

Վարչապետ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից առաջ և հետո մոտեցավ շենքի առջև հավաքված քաղաքացիներին, զրուցեց նրանց հետ, ոմանց խոստացավ ընդունել, ապա ոտքով անցավ Ամիրյան փողոցը, լրագրողների հարցերին պատասխանեց:

Մաշտոցի պողոտայից Փաշինանն ավտոմեքենայով ուղևորվեց Բաղրամյան 26:

Նշենք, որ երեկ «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։

Երեկ բողոքի ակցիաներ էին իրականացնում նաև տաքսու վարորդներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, նրանք պահանջում էին, որպեսզի ուղիղ 8 օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը լուծի նախկին կառավարության օրոք կուտակված իրենց խնդիրները: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող տասնյակ երիտասարդներ հաղթահարելով մի քանի ոստիկանների դիմադրությունը, երեկ ներս մտան քաղաքապետարանի շենք, և 2-3 ժամ փակ պահեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակը տանող միջանցքը։

Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն այսօր շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG