Մատչելիության հղումներ

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնության անդամները քաղաքապետարանի առջև հայտարարեցին, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին Ավան վարչական շրջանում ծեծի են ենթարկել հենց Տարոն Մարգարյանի թիմակիցներն ու մերձավորները: Հետո հիշատակեցին քաղաքային բյուջեից կատարած մի քանի գնումներ, օրինակ՝ ավելի քան 30 մլն դրամով գնված կոնյակն ու կոնյակի բաժակները, «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար ծախսված 80 մլն դրամի հատկացումը, թափառող շների դեմ պայքարելու համար ծախսած տարեկան մինչև 220 մլն դրամը: Նաև հայտարարեցին, որ քաղաքապետի ամսական 575 հազար դրամ աշխատավարձն ու հայտարարագրված ունեցվածքի չափը կասկածի տեղիք է տալիս:

Ապա հրապարակեցին որոշ տվյալներ․ - «2017 թվականի հունիսի 18-ի տվյալներով, քաղաքապետին են պատկանում անհատական բնակելի տուն և ամառանոց, հասարակական և արտադրական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոմեքենա, ավտոտնակներ, արժեթղթեր, դրամական միջոցներ 250 միլիոն ՀՀ դրամի, 45 ԱՄՆ դոլարի, 50 հազար եվրոյի չափով, ինչը նա ձեռք է բերել պաշտոնավարման ընթացքում միայն: Հավելենք, որ նրա գործազուրկ կինը հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամ»:

«Քաղաքապետը չի խորժել իր տիրապետած ռեսուրսները բանդաների տեսքով բաց թողնել խաղաղ բնակիչների վրա: Մասնավորապես աչքի զարնեց այս շարժման օրերին Ավան վարչական շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների և Տարոն Մարգարյանի մերձավորների մահակավորված հարձակումը բնակիչների և խաղաղ ցուցարարների վրա»:

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները ներկաներին հիշեցրին նաև, թե ինչպես էին ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները քաշքշել ու ծեծի ենթարկել «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինե Խաչատրյանին, ով փորձել էր նուբարաշենցիների ուղարկած կոյուղաջուրը տարաներով մոտեցնել քաղաքապետին:

Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով քաղաքապետարանի առջև հավաքված ցուցարաներին միացնա նաև «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցության մի քանի անդամներ:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան․ - «Ես նույնիսկ կարծում եմ, որ մեր հնչեցրած պահանջն արդեն ուշացած էր, Տարոն Մարգարյանի հրաժարականը առօրեական էր արդեն ամսի 23-ից [ապրիլի] սկսած, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ես միշտ համարել եմ, որ Երևանում քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքապետն ընտրվել է ոչ թե այն սկզբունքով, թե քաղաքում ով է ամենաշատ հարգված և սիրված գործիչը, այլ ընտրվել է կենտրոնական իշխանության որոշմամբ: Եվ դրանից բխել են նաև ընտրությունների արդյունքները»:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ասաց, որ քաղաքապետարան մտնելու առաջին իսկ օրվանից իրենք բոյկոտել են Տարոն Մարգարյանին ու պահանջել նրա հրաժարականը․ - ««Մենք պետք է պահանջենք, որ այս ավագանին լուծարվի, և նշանակվեն արտահերթ ընտրություններ: Նա մինչ այս պահը երբևէ որպես քաղաքապետ հանդես չի եկել, այլ ուղղակի հանրային միջոցները յուրացրել է: Իհարկե այդ յուրացումը տեղի է ունեցել ոչ թե միանձնյա, այլ Սերժ Սարգսյանի հետ համատեղ»:

Մինչ քաղաքապետարանի բակում հավաքված ակցիայի մասնակիցները հնչեցնում էին Տարոն Մարգարյանի հարժարականը հիմնավորող պահանջները՝ նրանցից մի քանիս դուրս եկան ու նստեցին ճանապարհին՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Պնդեցին, որ Տարոն Մարգարյանը պետք է իջնի ու հաշվետու լինի քաղաքացիներին իր արածի և չարածի համար: Ցուցարարներից մեկն ասաց․ - «Երբ որ գալիս ես, ուղղակի խոսում գնում ես, իրանք ասում են՝ հա, ի՞նչ: Պիտի իրանց մի քիչ անհարմարություն տաս, որ իրանք հասկանան, ու ժողովուրդն էլ հասկանա, որ կա հանրային պահանջ ու կա խնդիր, որը պետք ա լուծենք»:

Արձագանքելով քաղաքապետարանի առջև մի քանի ժամ շարունակ հնչող Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, ավելի վաղ այս պահանջը բարձրացրած ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների հայտարարություններին՝ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ օրակարգում քաղաքապետի հրաժարականին վերաբերող հարց չկա, և քաղաքի կառավարման թիմը բնական հունով շարունակում է իր աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG