Մատչելիության հղումներ

«Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել»․ Բաբլոյանը պատասխանում է Տեր-Պետրոսյանին


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր պատասխանել է պատգամավորների հրաժարականների առնչությամբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում», - հայտարարում է խորհրդարանի խոսնակը:

«Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որևէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որևէ պահանջ չի դրվել: Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաև պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների և համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաև հայտարարությամբ», - ընդգծում է Բաբլոյանը:

«Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը», - նշում է ԱԺ նախագահը՝ հույս հայտնելով, որ «այսուհետ ևս կառաջնորդվենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»:

Հիշեցնենք, ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից պահանջեց վայր դնել մանդատը, քանի որ նա չմասնակցեց մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը՝ չնայած կողմ քվեարկելու խմբակցության որոշմանը: Վարդանյանը հրաժարվեց մանդատից, ինչից հետո նրան հեռացրեցին նաև կուսակցությունից:

Մայիսի 1-ին՝ մինչ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկումը, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Հանրապետական խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը:

Հայաստանի առաջին նախագահը, «իրավական պետության կայացման կարևորագույն պայման» համարելով պատգամավորի՝ իր խղճով և համոզմունքով առաջնորդվելու իրավունքը և հակասահմանադրական որակելով պատգամավորներին մանդատից հրաժարվելու պահանջ ներկայացնելը, դիմել էր Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին «ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով»:

Շաբաթ օրը արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ Հանրապետական խմբակցությունը տեղեկացրել է, որ Գրիգոր Ավալյանը, «օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG