Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հակասահմանադրական է համարում պատգամավորներին մանդատից հրաժարվելու պահանջ ներկայացնելը․ iLur.am


Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «իրավական պետության կայացման կարևորագույն պայման» է համարում պատգամավորի՝ իր խղճով և համոզմունքով առաջնորդվելու իրավունքը:

ilur.am֊ում այսօր հրապարակած հերթական պարզաբանման մեջ Տեր-Պետրոսյանը գրել է․ - «Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում: Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով: Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման»:

Առաջին նախագահը նաև դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` «ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով»:

«Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին և առավելապես պետք է շահագրգռված լինեն նաև ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը», - հավելել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն այս հայտարարություններն արել է՝ անդրադառնալով Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց Դաշնակցությունն ունի իր ավանդույթը, և այդ կուսակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ:

ՀՅԴ ԳՄ-ն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին պարտադրել է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ վերջինս չէր մասնակցել մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանն այն դեպքում, երբ ՀՅԴ-ն կողմ քվեարկելու որոշում ուներ: Աղվան Վարդանյանը հրաժարվել է մանդատից, ինչից հետո նրան հեռացրել են նաև կուսակցությունից:

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, տեղեկացնոլով, որ հանրապետական պատգամավոր Գրիգոր Ավալյանը, «օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան»:

Մայիսի 1-ին՝ մինչ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկումը, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG