Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ Ամենակարևորը համապատասխանությունն է Սահմանադրության և օրենքի տառին․ iLur.am


ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը Սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. - «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է», - շեշտում է առաջին նախագահը iLur.am կայքում «Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում» վերնագրված հրապարակման մեջ:

«Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը Սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։ Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում», - գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Գրիգոր Ավալյանը ներկա չէր նիստին և, ինչպես խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց առաջադրված միակ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, թեև հանրապետականները դեմ քվեարկելու որոշում էին կայացրել, ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էլ չմասնակցեց քվեարկությանը, թեև խմբակցությունը որոշել էր ընտրել Փաշինյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG