Արևմուտքում բնակվող հայտնի հայերը հիմնականում կա՛մ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ավելի քան երեք շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին՝ ինչպես, օրինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, կա՛մ կոչ են արել խուսափել բռնություններից՝ ինչպես ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
Ի տարբերություն արևմտահայերի, Ռուսաստանում բնակվող հայտնի հայերը կա՛մ դատապարտում են ցուցարարներին, կա՛մ՝ իշխող կուսակցությանը։
Բողոքի ցույցերի առաջին իսկ պահերից ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետևել, մեկնաբանել և իր աջակցությունն է հայտնել պայքարի դուրս եկած երիտասարդներին։
Նախօրեին աշխարհահռչակ երաժիշտը և ևս չորս սփյուռքահայ արվեստագետներ՝ Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը և Էրիկ Նազարյանը համատեղ կոչով են հանդես եկել և իրենց համերաշխությունը հայտնել Հայաստանում սկսված շարժմանը՝ այն որակելով որպես ժողովրդավարական գործընթացի հստակ հաղթանակ:
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով բազմիցս է կոշտ քննադատել Հայաստանի իշխող վարչակազմին, բողոքի ակցիաների մեկնարկից չորս օր անց՝ ապրիլի 21-ին, հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին երկխոսել։
«Թեև հեռու եմ, բայց սիրտս Հայաստանում է։ Շատ մտահոգ եմ ստեղծված իրավիճակով և կոչ եմ անում բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստել, լուծում գտնել՝ բռնությունից խուսափելու համար», - հայտարարել էր աշխարհահռչակ երգիչը։
Քարդաշյանների ապրիլքսանչորսյան ավանդական թվիթն այս տարի ոչ թե ցեղասպանության, այլ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին էր։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը գրել է. - «Որքան ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է ողջ հայությունը համախմբվում խաղաղ ցույցերի շուրջ և փոփոխությունների հասնում»։
Հայկական ծագումով աշխարհահռչակ մարզիկները հիմնականում նախընտրել են չանդրադառնալ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նույնիսկ նրանք, ովքեր սիրում են ընդգծել իրենց հայկական արմատները՝ ինչպես, օրինակ, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, նրա նախկին թիմակից Ալեն Բոգոսյանը, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը։
Ամերիկյան երգչուհի Շերը, ով հաճախ է խոսում Հայոց ցեղասպանության մասին, քաղաքական գործընթացների մասին լռել է։
Մինչդեռ լոնդոնյան «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց հայտարարել է, թե հպարտ է, որ հայ է։
Երևանում ծնված ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հայտնի մեկնաբանությունը կայծակնային արագությամբ է տարածվել համացանցում՝ հերթական անգամ դառնալով հայաստանցիների զայրույթի պատճառ։
«Այդ տականքը, այդ կեղտը, թելադրելու է, թե ով և ինչպես ապրի երկրում։ Խայտառակություն, ես ամաչում եմ, որ հայ եմ», - ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանի հասցեին բացականչել է Կրեմլի քարոզիչներից համարվող Միհրանյանը։
Ռուսաստանաբնակ ոչ պակաս հայտնի հայր և որդի Գաբրիելյանովները ևս չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Հայաստանում հնարավոր իշխանափոխության կապակցությամբ, Փաշինյանի մասին խոսելիս էլ թույլ են տվել անպարկեշտ արտահայտություններ։
«Ծաղրածուն դեռ իշխանության չեկած, ամերիկյան փողերով աշխատող հայաստանյան լրատվամիջոցները սկսել են հակառուսական քարոզչությունը։ Այնպես որ, ծաղրածու Փաշինյանի խոսքերը Ռուսաստանի հետ բարեկամության մասին ծխածածկույթ են», - գրել է ռուսաստանյան ամենախոշոր ու իշխանամետ մեդիահոլդինգներից մեկի ղեկավար Արամ Գաբրիելյանովը։