Մատչելիության հղումներ

«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք». Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին


«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք», - մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանյան բողոքի գործողությունների առաջնորդի հետ բացառիկ այս հարցազրույցը մոսկովյան պարբերականն իր կայքում տեղադրեց հանրապետականների` մայիսի 8-ի քվեարկությանը վերաբերող որոշման հրապարակումից մի քանի ժամ առաջ:

«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նախևառաջ փորձում էր պարզել` ինչպես է նա պատրաստվում հաջողությամբ ավարտին հասցնել իր իսկ սկսած շարժումը:

«Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում: Նրանք ցանկանում էին իրենց սադրիչ պահվածքով ջղայնացնել մարդկանց: Երեքշաբթի օրը [խորհրդարանում] նրանց ուզածը հենց դա էր, սակայն նրանք իրենց ուզածին չհասան, տեղի ունեցավ հակառակը», - նշում է Փաշինյանը՝ հավելելով. - «Հանրապետականների ցանկացած քայլն իրենց դեմ է աշխատելու: Պետք է ըմբռնել, որ նրանք տարբերակներ չունեն»:

«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նաև ցանկանում էր պարզել՝ արդյոք ընդդիմության առաջնորդները չեն վախենում իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենարից, երբ հավանական կդառնա ուժային լուծումը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է. - «Եթե նրանք բանակ մտցնեն Երևան, ապա բոլոր զինվորները՝ նրանց 100 տոկոսը կմիանա մեզ, ես դա երաշխավորում եմ: Այդ դեպքում մենք ճանապարհները կփակենք արդեն ոչ թե մեքենաներով, այլ տանկերով», - Փաշինյանի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ» -ը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է. - «Կան կենսական հարցեր, որոնց մասին պետք է խոսել և որոնք պետք է լուծել: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ և մնալու են այդպիսին: Հայաստանը մնալու է Եվրասիական տնտեսական միության կազմում, կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Այդ ամենը երաշխավորված է, և այդ ամենի մասին այլևս խոսել պետք չէ», - «Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Փաշինյանը:

Նրա խոսքով, սակայն, սխալ է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին խոսակցությունների շրջանցումը:

«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի խնդիր է, որ չի կարելի քննարկել: Մենք կանդրադառնանք, որպեսզի մենք էլ իմանանք անվտանգության ասպարեզում Ռուսաստանի առջև ունեցած պարտավորությունները: Մենք ցանկանում ենք ճշտել. թե ինչ կոնկրետ պարտավորություններ ենք ստանձնել մենք [բոլորս]` նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, միմյանց հանդեպ: Մեզ, օրինակ, շատ է մտահոգում, երբ տեսնում ենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը մերձենում են», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG