Մատչելիության հղումներ

Փաշինյանը «հաղթական հանրահավաք» է հրավիրում 18:30֊ին


Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներից ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա լուրերին և լուծի կալանքի տակ գտնվող ընկերների ազատման հարցը:

Դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր աջակիցներին՝ Փաշինյանը նախ ողջունեց նրանց, ասելով՝ «ձեր ցավը տանեմ», այնուհետև հայտարարեց․ - «Վերջին 24 ժամվա մեջ ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ: Այսինքն, ես հիմա չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ: Հիմա ես ձեզանից ինչ եմ խնդրում՝ ինձ հնարավորություն եք տալիս երկու ժամով մեկուսանամ, գործընկերների հետ հասկանամ ինֆորմացիան, լուծեմ կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը և ժամը 6:30 այստեղ հաղթական հանրահավաք»:

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, և Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ձերբակալված խորհրդարանականների հետ գիշերը հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այսօր պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը Ազգային ժողովից հետ վերցնելու հարցով գլխավոր դատախազին դիմեց և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ինչից հետո երեք պատգամավորները ազատ արձակվեցին և միացան ցուցարարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG