Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:

Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ, այն հեռարձակվում էր ուղիղ եթերում:

Վարչապետ Սարգսյանը նախ նշեց, թե լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են երկխոսել տասնյակ լրագրողների ներկայությամբ:

Ի պատասխան նրա՝ Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ թյուրըմբռնում կա, քանի որ խոսքը երկխոսության մասին չէ և որ ինքը եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին», - արձագանքեց Սերժ Սարգսյանը: ֊ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք», - հայտարարեց Սարգսյանը:

Փաշինյանը հակադարձեց․ - «Պարո՛ն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», - պատասխանեց Սերժ Սարգսյանը և հեռացավ՝ վերջում դիմելով լրագրողներին․ - «Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ կարող եք հետևություն անել»:

Սարգսյանի հեռանալուց հետո Փաշինյանը կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում:

«Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկվատությունը կորցրել է և լավ չի տիրապետում իրավիճակին», - հայտարարեց Փաշինյանը՝ գնահատելով տապալված բանակցությունները:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը աջակիցների հետ շարժվեց Երևանի Էրեբունի համայնք, որտեղ նախատեսվում են անհնազանդության գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG