Մատչելիության հղումներ

Վարչապետ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, դուրս գալով Երևանի Ձերբակալվածների պահման վայրից, քիչ անց Տիգրան Մեծի պողոտայում միացավ ցուցարարներին:

«Ազատության» հետ զրույցում նա խոստացավ բոլոր հարցերի պատասխանները տալ երեկոյան նախատեսված հանրահավաքում, միաժամանակ ընդգծելով՝ իրենց բոլոր պահանջները ուժի մեջ են մնում:

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ձերբակալված խորհրդարանականների հետ գիշերը հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այսօր Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում էր հանդիպել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG