Մատչելիության հղումներ

Բաբլոյանը հանդիպել է ձերբակալված երեք պատգամավորներին․ «Լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ նախագահը նշել է. - «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»:

Մինչ հանդիպումը ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում գրել էր․ - «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»։

Երեկ, հիշեցնենք, տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Պատգամավորները ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար։

ՔՕ 225.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերում են «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն» ու «հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերին», դրանցով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից մինչև երեք ամիս ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG