«Ես տեղեկություն ունեմ, որ բոլոր հանրապետականներն այստեղ են և նիստը գումարվելու է», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Գիշերն են եկել, թե երբ են եկել, բոլորն էլ այստեղ են», - ասաց Մարուքյանը։
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ ՆիկոլՓաշինյանը երեկվա հանրահավաքին նշում էր, թե տեղություններ ունեն, որ պատգամավորներին ասվել է, որ գիշերը մնալու են Ազգային ժողովում:
«Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի ոնց որ Հյուսիսային Կորեայում է ընտրվում»
Մարուքյանն ասյօր լրագրողներին ասաց, որ իրենք պետք է անպայման դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանին. - «Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի ոնց որ Հյուսիսային Կորեայում է ընտրվում»։
Լրագրողների հարցին, թե ավելի լավ չի՞ լինի, որ «Ելք»-ն ընդհանրապես չմասնակցի քվեարկությանը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, ոնց է Ծաղկաձորում հանգիստ ընտրվել, որ ընդհանրապես ոչ մեկ բան չի ասում իրան, ընդհանրապես մենք եկել ենք, որ ամեն ինչ լավ չլինի էստեղ»։
Ճշտող հարցին, թե ներսում ինչ-որ գործողությո՞ւն են նախատեսում իրականացնել, Մարուքյանը պատասխանեց. - «Ի՞նչ գործողություն, մեր ելույթներն արդեն գործողություններ են»։
Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:
Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները: