Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աջակիցներին ապրիլի 17-ին, արդեն գիշերվանից շրջափակել Ազգային ժողովի շենքը և այդպիսով տապալել նիստը, որի ընթացքում իշխող կոալիցիան պատրաստվում է վարչապետի պաշտոնում հաստատել Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Պայմանավորվում ենք՝ առավոտյան 8:15 բոլոր փողոցները, իսկ գիշերվանից՝ սկսվում է Ազգային ժողովին մոտեցող փողոցների շրջափակումը», - երկուշաբթի երեկոյան դիմելով Երևանի Ֆրանսիայի հրապարակը արգելափակած ցուցարարներին՝ հայտարարեց Փաշինյանը: - «Այստեղ մարդիկ կան՝ այդ տարածքներում են ապրում: Գիշերը մի իքս ժամի իրար հետ կազմակերպվեք, ինչքան տանը քար կա, ավազ կա, փայտ կա՝ բերեք - լցրեք, երկու-երեք մետրանոց բաներ կառուցեք, որ ոչ մեկը չկարողանա այդտեղից անցնի»:

Ընդդիմադիր գործիչը մանրամասնեց նաև Ազգային ժողով տանող հիմնական փողոցները շրջափակելու ծրագիրը․ - «Վաղը ժամը 11:00-ից նաև հավաքվում ենք այստեղ, այնպես ենք անում, որ այդ մուտքերից յուրաքանչյուրի դիմաց՝ Բաղրամյան, Սարյանի անկյունը՝ Գլխավոր փոստի մոտի բարձրացող շենքը, Պռոշյան, Հալաբյանի կողմից՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի հատվածը: Այնպես ենք անում, որ այդ փողոցներից յուրաքանչյուրի մոտ 10-15 հազար մարդ լինի ժամը 11-ի դրությամբ, որպեսզի մենք, ըստ հնարավորության, կարողանանք մի քանի կողմերից շրջափակել շենքը և ըստ իրավիճակի նաև այլ գործողություններ ձեռնարկենք միանգամից չորս-հինգ ուղղություններով»:

Փաշինյանը նաև նշեց, թե տեղություններ ունեն, որ պատգամավորներին ասվել է, որ գիշերը մնալու են Ազգային ժողովում: - «Մենք, մեր պատգամավորներից կգնան, կստուգեն նրանք այնտեղ են, թե այնտեղ չեն և տեղեկությունը կհաղորդեն», - խոստացավ Փաշինյանը:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովին մոտենալու՝ ցուցարարների փորձը ավարտվել էր ոստիկանության հետ ընդհարմամբ, իրավապահները հատուկ միջոցներ էին կիրառել, պաշտոնական տվյալներով 46 մարդ վնասվածքներ էր ստացել:

Ոստիկանությունը այսօր երեկոյան արդեն իսկ մեծաթիվ ուժեր է կուտակել Բաղրամյան պողոտայում և փշալարերով արգելապատնեշ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG