Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցում պաշտպանելով Ռուսաստանին՝ Հայաստանը վտանգում է հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ քաղաքագետ


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ

«Արևմուտքի համար խիստ զգայուն՝ Սիրիայի դեմ իրականացված հարձակման հարցում պաշտպանելով Ռուսաստանին՝ Հայաստանը վտանգի տակ է դնում իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ», - պնդում է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նախօրեին հաղորդվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Ամերիկայի ու դաշնակից երկրների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները Սիրիայի դեմ, որոնք, ըստ Արևմուտքի, իրականացվել են նախագահ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

«Դժբախտաբար, վերջին ժամանակներս Հայաստանը միջազգային կառույցներում տարբեր քվեարկությունների ժամանակ քվեարկում է այնպես, ոնց ուզում է Ռուսաստանը՝ Երուսաղեմի հարցով քվեարկեց Միացյալ Նահանգների դեմ, քիմիական թույնը երբ որ օգտագործվեց Սկրիպալի և իր դստեր դեմ, Հայաստանը նորից հանդես եկավ նախաձեռնություններով, որով աջակցում էր Ռուսաստանին», - նշեց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Հայաստանը այս ձևի քվեարկություններով հարցականի տակ է դնում իր հեղինակությունը, բայց ամենակարևորը՝ հարցականի տակ է դնում համագործակցությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, որը միակն է, որ տալիս է Հայաստանին աջակցություն»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների կողմից անցած շաբաթավերջին իրականացված համատեղ հարձակումն Արևմուտքի ամենաուժգին հարվածն էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ՝ արդեն յոթերորդ տարին շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում: Հրթիռակոծումից ժամեր անց Հայաստանի հարևան Վրաստանը հայտարարեց, թե աջակցում է Արևմուտքին, Ադրբեջանը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել, Հայաստանը պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը:

«Ռուս-արևմտյան օր-օրի սրվող այս հակադրությունը է՛լ ավելի կխորացնի բաժանարար գծերը նաև Հարավային Կովկասում», - ասում է Ստեփան Գրիգորյանը:

«Ինչքան էլ մենք ասում ենք՝ Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, և այլն, և այլն, Վրաստանը ավելի է ինտեգրվում այլ պետությունների հետ, այլ սիստեմների հետ, ու ինչքան մենք մոտիկ ենք Ռուսաստանին, ինչքան քվեարկում ենք ի օգուտ Ռուսաստանի, էդքան հեռանում ենք ժողովրդավարությունից: Նույնիսկ եթե Եվրոպան ուզենա մեր հետ աշխատել, պարզ է, որ էս բոլոր քվեարկությունները ազդում են, չէ՞, տրամադրությունների վրա», - ընդգծեց քաղաքագետը:

Ի դեպ, Ռուսաստանը ՀԱՊԿ-ից բացի նախօրեին արտահերթ նիստ էր հրավիրել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ շրջանառության մեջ դնելով արևմտյան կոալիցիայի գործողությունները դատապարտող բանաձև: Կրեմլի այդ նախաձեռնությունը, սակայն, պաշտպանել են Ավտանգության խորհրդի 15 անդամներից միայն երեքը: Այս հարցում Մոսկվային աջակցություն չէր հայտնել անգամ Եվրասիական տնտեսական միության դաշնակից Ղազախստանը՝ պաշտոնական Աստանան որոշել էր ձեռնպահ քվեարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG