Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում 128 երկիր դեմ արտահայտվեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստին 128 երկրներ, այդ թվում՝ Վաշինգտոնի ամենամերձավոր դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, դեմ արտահայտվեցին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն՝ քվեարկելով համապատասխան բանաձևի օգտին: 35 երկիր ձեռնպահ քվեարկեց բանաձևին, դեմ քվեարկեց ընդամենը 9 երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան Կղզիների Հանրապետությունը, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Թուրքիայի առաջարկած բանաձևին Հայաստանը Ռուսաստանի պես կողմ քվեարկեց:

Պաշտոնական Երևանը, ավելի վաղ անդրադառնալով բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն ունեցող Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր՝ հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, վերահաստատեց՝ խնդիրը կարող է լուծում ստանալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում: «Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխոշորում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը», - ասաց Բալայանը:

Բանաձևում Միացյալ Նահանգները չի հիշատակվում, փոխարենը նշվում է, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է չեղարկվեն, և որ քաղաքի կարգավիճակին առնչվող բոլոր որոշումները իրավական հիմք չունեն:

Քվեարկությունից երկու օր առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին էլեկտրոնային նամակ էր ուղարկել կազմակերպությունում իր գործընկերներին, որում ասվում էր․ - «Նախագահը ուշադիր հետևելու է քվեարկությանը և ինձ խնդրել է հայտնել այն երկրների անունները, որոնք դեմ են քվեարկել»: Չստանալով ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցությունը, դեսպան Հեյլին հայտարարել է՝ «Միացյալ Նահանգները հիշելու է քվեարկության օրը»:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ներկայացուցիչ Նավիլ աբու-Ռուդեյնը, մինչդեռ, քվեարկության արդյունքները համարում է «Պաղեստինի հաղթանակը»:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ քվեարկության նախօրեին հայտարարել էր՝ ՄԱԿ-ը «ստի տուն է»: «Իսրայելի Պետությունը միանգամայն հերքում է այդ քվեարկությունը», - ասել էր Նեթանյահուն, ում ղեկավարած երկիրը տասնամյակներ շարունակ անտեսում է ՄԱԿ-ի տասնյակ բանաձևեր՝ Պաղեստինի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով:

ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն՝ Գլխավոր ասամբլեայի որոշումները խորհրդատվական, խորհրդանշական բնույթ են կրում, և ի տարբերություն Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների՝ պարտադիր կատարման ենթակա չեն: Այդուհանդերձ, Սպիտակ տան ղեկավարը մինչ քվեարկությունը սպառնացել էր զրկել ֆինանսավորումից այն երկրներին, որոնք կաջակցեն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին: «Նրանք մեզնից միլիոնավոր դոլարներ են վերցնում, նույնիսկ՝ միլիարդներ, իսկ հետ մեր դեմ քվեարկում», - ասել էր Դոնալդ Թրամփը՝ հավելելով․ - «Մենք հետևում ենք այդ քվեարկությանը: Թող մեր դեմ քվեարկեն: Մենք ահագին կխնայենք: Մեզ համար էական չէ»:

Երուսաղեմի կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության թերևս ամենասուր հարցերից մեկն է, որի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն տասնամյակներ: Իսրայելը քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները համարում է իր «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, հրաժարվում է ճանաչել այն` Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում:

Պաղեստինցի արաբները, իրենց հերթին, համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը: Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակից երկրներ ավելի վաղ զգուշացրել էին, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը է՛լ ավելի կբարդացնի Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և խոչընդոտելով խաղաղության գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG