Մատչելիության հղումներ

Ռուսաստանի առաջարկը տապալվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 14-ի նիստը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 14-ի նիստը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Ռուսաստանի նախաձեռնությամբ երեկ հրավիրված արտահերթ նիստում, մերժել է Մոսկվայի առաջարկած բանաձևը` Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների և դաշնակիցների օդային հարվածները դատապարտելու վերաբերյալ:

Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի տասնհինգ անդամներից միայն երեքը` Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան, դեմ են եղել ութը, ևս չորսը` ձեռնպահ:

Դատապարտելով այս որոշումը` կառույցում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է` «կուզենայինք հավատալ, որ սրանից ավելի վատ օր չենք տեսնի»:

Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլին, մինչդեռ, պնդել է, որ Վաշինգտոնի և դաշնակիցների քայլերը համարժեք էին և հիմնավոր, ընդգծելով` Ամերիկան ստիպված էր նման գործողությունների դիմել, քանի որ Ռուսաստանը քանիցս արգելափակել է Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը կասեցնելու փորձերը:

«Այս հարվածները հստակ ուղերձ էին առ այն, որ մենք թույլ չենք տա Ասադի վարչակազմին քիմիական զենք կիրառել, և եթե դա կրկնվի, մենք վերստին կանցնենք քայլերի», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Վաշինգտոնի դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն ընդգծել են սիրիական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, թե Ֆրանսիան շուտով կներկայացնի նոր բանաձևի նախագիծ` Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին կոչ է արել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին խուսափել իրավիճակի հետագա սրացումից և հետևել կազմակերպության հիմնարար նորմերին ու սկզբունքներին:

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Միացյալ Նահանգները դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ են հասցրել Սիրիային՝ ի պատասխան անցած շաբաթ տասնյակ մարդկանց կյանքեր խլած քիմիական գրոհի, որը, ենթադրաբար, իրականացրել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ կառավարական զորքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG