Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պետք է վերանայի Ալիևին աջակցելու քաղաքականությունը․ ամերիկացի նախկին դիվանագետներ


Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչ, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչ, արխիվ

Միացյալ Նահանգները պետք է վերանայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցություն ցուցաբերելու՝ տարիներ առաջ որդեգրված քաղաքականությունը: Այս մասին հեղինակավոր Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում նշում են Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և պետքարտուղարի նախկին տեղակալ, 2010-2014 թվականներին Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դեյվիդ Քրամերը:

«Ադրբեջանական ընտրությունները զավեշտ են» վերնագրված այս հոդվածում պաշտոնաթող ամերիկացի դիվանագետները գրում են. - «Տարիներ շարունակ Ալիևի առջև կանաչ լույս վառելով` Միացյալ Նահանգների կառավարությունը ոչ Ադրբեջանի ժողովրդի համար է լավ գործ արել, ոչ էլ նպաստել է տարածաշրջանում ԱՄՆ շահերի ամրապնդմանը: Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս պետությունները վերածվել են Ալիևի ներքին քաղաքականությանն աջակցող ուժերի` սպանելով ժողովրդավարական էվոլյուցիոն զարգացման, մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հաստատման, կոռուպցիայի վերացման և իրապես ռազմավարական գործընկերության ձևավորման բոլոր հույսերը»:

Ամերիկացի դիվանագետներն արձանագրում են, որ Ալիևի վարչակազմը Արևմուտքի հետ հարաբերություններում նման արտոնյալ պայմաններ կարողացել է ստանալ էներգակիրների մեծ պաշարների և Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի մատակարարման հյուսիսային ուղու կարևորագույն հատվածը լինելու հաշվին:

«Հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի Պուտինի գործողություններից բխող սպառնալիքները և դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղու կարևորությունը` ոմանք [Վաշինգտոնում] պնդում են, թե Ամերիկան Ալիևի վրա իրավապաշտպան թեմաներով ճնշում գործադրելու պատճառով չի կարող խաթարել հարաբերությունները Ադրբեջանի հետ», - գրում են Կոզլարիչը և Քրամերը` արձանագրելով, սակայն, որ ամերիկյան կողմի նախընտրած մարտավարությունը` խնդիրները լուծել փակ դռների ետևում, անարդյունք է:

«Լռակյաց» դիվանագիտությունը տապալվել է», - նշում են հոդվածի հեղինակները:

Ռիչարդ Կոզլարիչը և Դեյվիդ Քրամերը նաև պնդում են, որ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով Ալիևը միայն մեկ նպատակ էր հետապնդում` շարունակել ամրապնդել իր միանձնյա իշխանությունը:

«Այս ընտրություններով Ադրբեջանն է՛լ ավելի է մոտենում ավազակապետական ավտորիտարիզմի պուտինյան մոդելին», - նշում են Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հեղինակները:

Ամերիկացի դիվանագետների համոզմամբ՝ Ալիևի համար սեփական իշխանությունն ամրապնդելու մյուս գործուն լծակը Լեռնային Ղարաբաղի հարցում մարտաշունչ հռետորաբանության կիրառումն է:

«Նախընտրական շրջանում Ալիևի կառավարությունը նաև Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում: Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով և Երևանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել [ազգայնական] դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում և Սիրիայում», - գրում են հոդվածի հեղինակները:

Ռիչարդ Կոզլարիչի և Դեյվիդ Քրամերի համոզմամբ՝ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը պետք է լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը ուշացումով պետք է ընդունի, որ Ալիևին և նրա վարչակազմին արտոնությունների տրամադրումը հանգեցնում է Ադրբեջանի ներսում քաղաքական և սոցիալական վիճակի վատթարացմանը: Երբ այս կեղծ ընտրությունների արդյունքները հրապարակվեն, Վաշինգտոնից կամ արևմտյան մեկ այլ մայրաքաղաքից որևէ մեկը չպետք է զանգահարի Ալիևին` «հաղթանակի» առթիվ նրան շնորհավորելու նպատակով», - գրում են ամերիկացի պաշտոնաթող դիվանագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG