Մատչելիության հղումներ

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են, արդեն իսկ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել


Բաքու, 11-ը ապրլի, 2018 թ․
Բաքու, 11-ը ապրլի, 2018 թ․

Ադրբեջանի ողջ տարածքում ձևավորված 5641 ընտրատեղամասերի դռները բացվեցին այսօր առավոտյան ժամը 8-ին: Քվեարկության մեկնարկից առաջ բոլոր տեղամասային հանձնաժողովների անդամներն ու հավատարմագրված դիտորդները հոտընկայս ունկնդրեցին Ադրբեջանի պետական օրհներգը: Դրան հետևած ծափահարություններից հետո միայն մեկնարկեց քվեարկության բուն գործընթացը:

Դատելով համացանցում շրջանառվող տեսագրություններից, քվեարկողների ակտիվություն չի նկատվում, տեղամասերի մեծ մասում դատարկություն է: Չնայած դրան՝ արդեն կեսօրին մոտ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, թե ավելի քան 2 միլիոն մարդ (կամ ընտրողների շուրջ 40 տոկոսը) արդեն քվեարկել է:

Երկրում գործող սակավաթիվ անկախ լրատվամիջոցները, մինչդեռ, քվեարկության առաջին իսկ ժամերից սկսեցին հաղորդել տարատեսակ խախտումների` «կարուսելների», լցոնումների, կրկնակի քվեարկության դեպքերի մասին: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տարածած տեսագրության մեջ, օրինակ, հստակ երևում է, թե ինչպես են մի խումբ տարեց կանայք սկզբում քվեարկում Յասամալի շրջանի թիվ 17 ընտրատեղամասում, ապա նաև հարևան՝ 18-րդ տեղամասում: Եվ սա այն պարագայում, երբ ընտրատեղամաս եկած բոլոր քվեարկողների ցուցամատները մակնշվում են հատուկ թանաքով` կրկնակի քվեարկության փորձերը կախնելու համար:

Հավելենք նաև, որ ընտրատեղամասերի 20 տոկոսում տեսախցիկներ են տեղադրվել, որոնք ևս, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, պետք է նպաստեն հնարավոր խախտումների կանխմանը: Քյուրդամիր քաղաքում գտնվող տեղամասերից մեկում, սակայն, այդ «խոչընդոտի» վերացման լուծումը ևս գտել էին․ հանձնաժողովի անդամներն այնտեղ տեսախցիկը փակել էին սպիտակ թղթով, իսկ երբ մի քանի րոպե անց թուղթը հեռացվել է, ակհայտ է դարձել, որ տեղամասում գտնվող երկու քվեատուփերում թերթիկների քանակը զգալիորեն ավելացել է:

Meydan TV կայքը պատմում է Շաբրան-Սիյազանի շրջանի տեղամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին: Երբ տեղական դիտորդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը նկատել է, որ մի կին փորձում է միանգամից 10 քվեաթերթիկ գցել տուփի մեջ, տեղամասային հանձնաժողովի նախագահն ասել է` «Թողեք լցոնի, խոստանում եմ՝ սա վերջին անգամն է»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի կենտրոնում գտնվող տեղամաս ժամանեց առավոտյան կողմ` կնոջ, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, ինչպես նաև երեք զավակների՝ Արզույի, Լեյլայի և Հեյդարի ուղեկցությամբ: Քվեարկությունից հետո Իլհամ Ալիևը որևէ մեկնաբանությամբ հանդես չեկավ:

Հիշեցնենք՝ Ալիևից բացի, նախագահական արտահերթ ընտրություններին ևս յոթ թեկնածուներ են մասնակցում` բոլորն էլ իշխանամետ գաճաճ կուսակցությունների ղեկավարներ: Օրինակ, դրանցից մեկի՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը քվեարկությունից հետո հայտարարեց, թե քվեարկել է իր մրցակցի` Իլհամ Ալիևի օգտին:

Բաքվի այն բնակիչներն էլ, որոնք համաձայնվում են ընտրությունների մասին խոսել տեսախցիկների առջև, նշում են, թե նախագահի պաշտոնում միայն Իլհամ Ալիևին են տեսնում: «Կայունությունը Ադրբեջանի համար ապագա կապահովի»,- նշում էր բաքվեցիներից մեկը: Ադրբեջանի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի համոզմամբ էլ՝ Իլհամ Ալիևի գլխավոր առավելությունը Հեյդար Ալիևի որդին հանդիսանալու մեջ է:

Ադրբեջանական ընդդիմությունը` «Մուսավաթ» կուսակցությունը և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դեռ քարոզարշավի սկզբում կոչ արեցին ադրբեջանցի ընտրողներին՝ չմասնակցել այսօրվա քվեարկությանը` պնդելով, որ դրա արդյունքները կանխորոշված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG