Ռուսաստանում սգո օր է: Հիշեցնենք՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգությունից երկու օր անց, ռուսաստանցիների ճնշման տակ մարտի 28-ը հայտարարել է համառուսաստանյան սգո օր։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի զոհ են դարձել 64 մարդ, նրանց բոլորի մարմինները գտել են։ Իշխանությունները անհետ կորածների մասին տեղեկություն չունեն:
Կեմերովո քաղաքի բնակիչները, զոհվածների հարազատները իշխանությունների ներկայացրած տվյալներին չեն հավատում և զոհվածների ցուցակ են կազմել։ Երեկ այդ ցուցակում 85 անուն էր, այսօր՝ 77, այսինքն՝ 13 մարդ, բնակիչների կարծիքով, անհետ կորել է։
Կեմերովո մարզի նահանգապետը, ով արժանացել է ռուսաստանցիների սուր քննադատությանը, այսօր ընդունել է զոհվածների հարազատներին, տեսագրություն է տարածել: Մինչ այդ Աման Տուլեևը չէր հանդիպել բնակիչների հետ, չնայած երեկ ամբողջ օրը՝ շուրջ 11 ժամ, Կեմերովոյի գլխավոր հրապարակում բողոքի ցույց էր։ Ցուցարարները պահանջում էին արդար հետաքննություն, նահանգապետ Տուլեևի պաշտոնանկությունը, և որ իշխանությունները հրապարակեն զոհվածների իրական թիվը:
Ռուսաստանի և մարզի իշխանությունները հայտարարում են, թե երեկվա հավաքը կազմակերպել են ինչ-որ ընդդիմադիր ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել իրավիճակը քաղաքում և երկրում:
Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել ուկրաինացի փրանքեր Եվգենի Վոլնովի դեմ։ Նա մարտի 25-ին զանգահարել էր Կեմերովո քաղաքի դիահերձարան և ասել, թե՝ «պատրաստվե՛ք, «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնից 300 դի են բերելու»:
Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցել են լուռ հավաքներ ի հիշատակ Կեմերովոյում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի զոհերի: Մոսկվայում երկու հավաք է կայացել՝ մեկը կազմակերպել էր քաղաքապետարանը, մյուսը՝ քաղաքացիները սոցիալական ցանցերի միջոցով։ Քաղաքապետարանի հավաքը Մանեժնայա հրապարակում մարդաշատ չէր և շուրջ 40 րոպե է տևել, իսկ ահա քաղաքացիների կազմակերպած լուռ հավաքը մարդաշատ էր․ ոստիկանության տվյալներով՝ երեկ Պուշկինսկայա հրապարակում հավաքվել էր 12 հազար մարդ, այստեղ էին նաև ընդդիմադիր առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին , Գրիգորի Յավլինսկին և Գենադի Գուդկովը։
Հավելենք՝ մինչ այսօր պարզ չէ հրդեհի պատճառը։ Զոհվածներից 41-ը, հարազատների տվյալներով, երեխաներ են, նրանց մի մասը մնացել էին փակ կինոսրահում: Կինոսրահի աշխատակիցը կողպել էր դուռը, որպեսզի անչափահասները առանց տոմսերի ներս չմտնեն, իսկ հրդեհը բռնկվելուց հետո անհասկանալի պատճառներով չի բացել։ Առևտրի կենտրոնում չի աշխատել նաև հրդեհի ահազանգը։