Մատչելիության հղումներ

Հավաքներ Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ ի հիշատակ Կեմերովոյի հրդեհի զոհերի


Երեկ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հավաքներ են անցկացվել՝ ի հիշատակ Կեմերովոյում զոհվածների և ի բողոք իշխանությունների դեմ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սգո օր է հայտարարել մարտի 28-ը՝ ողբերգությունից երկու օր անց։ Եվ սա թերևս առաջին անգամ է Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում, երբ երկրի նախագահը սգո օր է հայտարարում քաղաքացիների պահանջով։

Ռուսաստանցիները, սակայն, չեն սպասել մարտի 28-ին։ Մարտի 26-ին, օրինակ, լրագրողներ Ելիզավետա Սուրգանովան և Ֆիլիպ Դյադկոն կոչ են արել ռուսաստանցիներին հավաքվել իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներում։

Ամենուրեք, որտեղ քաղաքացիները սոցիալական ցանցերի միջոցով հայտարարել էին հավաքներ, իշխանությունները կազմակերպել էին մեկ այլ՝ արդեն պաշտոնական հավաք այլ վայրում, այլ ժամի։

Մոսկվայում, օրինակ, քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սգո հավաք էր հայտարարել երեկ երեկոյան 17։00-ին՝ Մանեժնայա հրապարակում։ Քաղաքապետարանը խաղալիքներ ու ծաղիկներ էր գնել և բաժանել քաղաքացիներին։ Հավաքը մարդաշատ չէր և տևել է ընդամենը 40 րոպե։

Իսկ Պուշկինսկայա հրապարակում քաղաքացիների կազմակերպած հավաքը բազմամարդ էր։ Այն սկսվել էր առավոտյան ժամը 7-ին։ Հավաքի մասնակիցները մի քանի ժամ լուռ կանգնել են, մոմեր վառել, ծաղիկներ ու խաղալիքներ բերել։ Այս ակցիային մասնակցել են նաև ընդդիմադիր գործիչներ՝ Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կնոջ հետ, ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովը։ Հավաքին լոզունգներ, ելույթներ չեն եղել, սակայն հավաքվածներից մի քանիսը պահանջել են Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականները։

Նշենք, որ երեկ Կեմերովոյում մի քանի հազար մարդ բողոքի հավաք է անցկացրել 11 ժամ շարունակ։ Քաղաքացիները հավաքվում են նաև այսօր, նրանք պահանջում են անկողմնակալ և անաչառ հետաքննություն, մարզի նահանգապետ Տուլեևի հրաժարականը։ Կեմերովոյի բնակիչների պահանջներից է նաև զոհվածների իրական թվերի հրապարակումը։

Պաշտոնական տվյալներով՝ կիրակի օրը առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 40 երեխա։ Հավաքվածները, սակայն, նոր ցուցակ են կազմել, և այդ ցուցակում առնվազն 85 անուն կա։ Նրանց կարծիքով՝ իշխանությունները թաքցնում են զոհերի իրական թիվը։

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևն, ով այդպես էլ չի հանդիպել հրապարակում հավաքված զոհերի հարազատներին, Պուտինի հետ հանդիպմանն ասել է, թե հավաքը կազմակերպում են ընդդիմադիրները, և նրանց նպատակն է սրել իրավիճակը քաղաքում։

Ամբողջ օրը Կեմերովո քաղաքի գլխավոր հրապարակի մոտ էին նաև մեծ թվով ոստիկաններ, սակայն նրանք որևէ ձևով հավաքին չեն միջամտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG