Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակը «լիովին համարժեք» է համարում ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը


«Ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով Կրեմլի դեմ ներկայացված մեղադրանքները հստակ են, ռուս դիվանագետներին արտաքսելու մասին արևմտյան երկրների որոշումը՝ կատարվածին լիովին համարժեք» - հայտարարել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Քաղաքակիրթ երկրներն այդպիսի քայլերի չեն դիմում», - ընդգծել է Ռայանը՝ շարունակելով․ - «Կարծում եմ՝ այս գործում ապացույցները շատ հստակ են: Իմ կարծիքով, բրիտանական կողմը վստահաբար հիմնավոր հայտարարություններ է արել: Սա մի բան է, որ ռուսներն անում են, մի բան, որ մեր կարծիքով, նրանք արել են, և դա չպետք է հանդուրժվի: Քաղաքակիրթ պետությունները նման բաներ չեն անում»:

Ներկայացուցիչների տան խոսնակը փաստել է` Արևմուտքում ակնկալում էին, որ ռուս դիվանագետների արտաքսումը հեշտ չի ընդունվի և կհանգեցնի նոր դիվանագիտական ճգնաժամի․ - «Սակայն շատ կարևոր է ցույց տալ, որ նման քայլերը երբեք չեն կարող հանդուրժվել»:

«Մարդկանց թունավորելն ու սպանելը, հատկապես այսպիսի նյարդապարալիտիկ նյութով սպանելն ու թունավորելը այլ երկրի տարածքում մի բան է, որ քաղաքակիրթ երկրները չեն անում, չպետք է անեն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նման քայլերը չեն կարող հանդուրժվել», - նշել է նա:

Անդրադառնալով նախագահ Թրամփի հասցեին հնչող կոշտ քննադատությանը Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինին շնորհավորելու վերաբերյալ՝ Ռայանը պնդել է, թե գործող վարչակազմը նախորդից ավելի քիչ նաիվ է Ռուսաստանի հարցում, ինչի ապացույցն են Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցները․ - «Չեմ կարծում, որ Բարաք Օբամայի օրոք ներդրված՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնման քաղաքականությունը աշխատեց: Կարծում եմ, դա նաիվ ռազմավարություն էր: Իմ համոզմամբ, Ռուսաստանը ահռելի աշխարհքաղաքական սպառնալիք է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ողջ Արևմուտքի՝ ազատ երկրների, ազատ ժողովուրդների համար: Եվ կարծում եմ, շատ կարևոր է մեզ համար հասկանալ, թե ինչ է ներկայացնում իրենից Ռուսաստանը և համարժեք արձագանք տալ»:

Խոսելով Ռուսաստանի հանդեպ հետագա քայլերի մասին՝ Ներկայացուցիչների տան խոսնակն ընդգծել է, որ ինքը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը: Նա հավելել է, որ դրանց թիրախում պետք է լինեն ֆինանսական օղակները՝ օլիգարխներն ու Կրեմլի կողմից հովանավորվող մյուս գործարարները, որոնք նպաստում են ապատեղեկատվության տարածմանն ու ժողովրդավարության թուլացմանը աշխարհի տարբեր երկրներում․ - «Ռուսաստանը փորձում է քաոս սերմանել ժողովրդավարական երկրներում: Կարծում եմ, նրանք փորձում են սասանել ժողովրդավարությունը: Մենք առանց կասկածի նշույլի գիտենք, որ նրանք փորձել են միջամտել ամերիկյան ընտրություններին: Գիտենք, որ փորձում են միջամտել այլ ընտրությունների ողջ աշխարհով մեկ, և մեր պարտքն է ոչ միայն բացահայտել սա, այլև բացահայտել այն մեթոդներն ու աղբյուրները, որոնցով նրանք փորձում են տարածել այդ քաոսը, սասանել ժողովրդավարությունը, ազատ ու արդար ընտրությունները: Մենք պարտավոր ենք մեր դաշնակիցներին գործիքներ տալ, որպեսզի նրանք կարողանան կանխել նման երևույթները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչ է սպասվում նրանց, որ կփորձեն սասանել ժողովրդավարությունը»:

XS
SM
MD
LG