Մատչելիության հղումներ

Արտաքսված ռուս դիվանագետները լքեցին Բրիտանիայի տարածքը


Ռուսաստանցի արտաքսված դիվանագետները հեռանում են Մեծ Բրիտանիայից, Լոնդոն, 20 մարտի, 2018թ.

Նախկին ռուսաստանցի լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման կապակցությամբ Լոնդոնի կողմից որպես պատժամիջոց արտաքսման հրահանգ ստացած ստացած 23 ռուսաստանցի դիվանագետները լքեցի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության տարածքը:

Վարչապետ Թերեզա Մեյի պնդմամբ, առաջին անգամ Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում մի երկիր մյուս երկրի տարածքում սպանության նպատակով քիմիական զենք է կիրառել: Դիվանագետները, ըստ Մեյի, ներգրավված էին ապօրինի հետախուզական գործունեության մեջ և պարտավոր են հեռանալ:

Սկրիպալների թունավորման հետ առնչությունը կտրականապես հերքող Մոսկվան օրերս ընդունել է պատասխան որոշումներ:

Ռուսաստանցի դիվանագետները դիվանագիտական պետհամարանիշներով երեք ավտոբուսով այսօր առավոտյան հեռացել են Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանության համալիրից: Դիվանագետներին ճանապարհելուց առաջ դեսպանատանը կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում:

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ասել է, որ հավաքը կազմակերպվել է գործընկերներին հրաժեշտ տալու համար․ - «Նրանք մարտի 20-ին մեկնում են Մոսկվա, այս օրն ազդարարում է Լոնդոնում նրանց գործուղման ավարտը և կենսագրության նոր էջ, նրանք, իհարկե, շարունակելու են դիվանագիտական աշխատանքը»:

Հրաժեշտի պահին բարձրախոսներից հնչել են կայսերական Ռուսաստանի դարաշրջանի հայրենասիրական մեղեդիներ:

Արտաքսված դիվանագետները և նրանց ընտանիքների անդամները մեկնել են օդականավակայան:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում արտաքսված դիվանագետների հետ նախատեսված չէ:

Եթե նա որոշեր հանդիպել արտաքսված դիվանագետներին, դա միանշանակ կորակվեր որպես Լոնդոնի նկատմամբ արհամարհանք և առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրելու մտադրություն:

«Այս պահին նման հանդիպում ծրագրված չէ», - ասել է խոսնակը:

«Եկեք սթափ մնանք ու նախևառաջ սպասենք բրիտանական կողմից ներկայացվելիք ապացույցներին, հասկանանք, թե արդյո՞ք ինչ-որ իրական բան կա Լոնդոնում ամենաբարձր մակարդակով հնչեցված պնդումների հիմքում», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին մարտի 4-ին հայտնաբերել էին անգիտակից վիճակում Սալսբերի ավանում:

Ըստ բրիտանացի քննիչների, նախկին լրտեսին և նրա դստերը թունավորել են խորհրդային ժամանակաշրջանում բանակի և հատուկ ծառայությունների համար ստեղծված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Լոնդոնը պնդում է, որ թունավորումը Մոսկվան է կազմակերպել:

Այսօր Բրիտանիայի ազգային անվտանգության խորհուրդը պետք է նիստ գումարի և ընդունի Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

Դիվանագետներին արտաքսելուց բացի, Լոնդոնը հայտնել է, որ պաշտոնական պատվիրակություն ներկա չի լինի Ռուսաստանում ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ռուսաստանյան կողմը հայտարարել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսելու, Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսարանի վերաբացումը չեղարկելու և մշակութային ծրագրեր իրականացնող Բրիտանական խորհուրդը փակելու որոշումների մասին:

Ռուսաստանցի քիմիկոս Լեոնիդ Ռինկը, ով ժամանակին զբաղվել է «Նովիչոկ» տեսակի նյութի ստեղծմամբ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, թե, իր համոզմամբ, ռուսական կողմը կապ չունի Սկրիպալների թունավորման հետ․ - «Աղաղակող անտեղյակություն, ծիծաղելի և անընդունելի պնդումներ են, «նովիչոկն» անմիջապես կսպաներ հորը և աղջկան, այդ նյութի հետքերը Ռուսաստանում որոնելն անիմաստ է»:

Մինչդեռ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն իրենց համերաշխությունն են հայտնել Լոնդոնին: Բրյուսելում, Վաշինգթոնում, Փարիզում և Բեռլինում բարձրաստիճան ղեկավարներն ասել են, որ ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, կապ ունի Սկրիպալների թունավորման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG