Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», սեպտեմբեր, 2015թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», սեպտեմբեր, 2015թ․

«Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: Այս մասին հաղորդեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե պատրաստվո՞ւմ են արդյոք երկրորդ նախագահին կանչել հարցաքննության, ինչի համար գլխավոր դատախազին դիմել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանի դիմումին ընթացք տալու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

«Ռոբերտ Քոչարյանին որպես վկա մարտի մեկի գործով հրավիրելու և հարցաքննելու ցուցում տալու վերաբերյալ․ Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք: 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան», - ամփոփում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

XS
SM
MD
LG