Մատչելիության հղումներ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի կազմակերպիչ»


Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։ Այդ մասին 2rd.am-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

2rd.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Սողոմոնյանից, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», - ասել է Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Մարտի 2-ին Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։ Ապրիլի 9-ին խորհրդարանի հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը:​

2rd.am-ի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը, Սողոմոնյանը պատասխանեց. - «Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ո՛չ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»:

«Քոչարյանը ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»

Հիշեցնենք՝ մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: Նախագահը հայտարարեց, որ Թուրքիան ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ չունեցող նախապայմաններ։

2rd.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի երկրորդ նախագահն այս կապակցությամբ հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ, Սողոմոնյանը պատասխանեց. - «Ոչ: Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG