Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:

Ի դեպ, այս թեման 10-ը տարի անց արծարծեց հենց իշխող Հանրապետականի պատգամավոր, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ըստ էության, կասկածի տակ դնելով Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունը:

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բավական կոշտ է արձագանքել Ձեր դիմումին, որով Դուք գլխավոր դատախազից պահանջում եք հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի տասը սպանությունների գործով։ Մասնավորապես՝ Սողոմոնյանը նշում է՝ «ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունը և մասնավորապես Ձեզ ուղղված մեղադրանքները։

Փաշինյան. - Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է։

«Ազատություն». - Ի՞նչ կարող եք ասել ներկայացված մեղադրանքներին Ձեր հասցեին, որ իրականում «Դուք եք «Մարտի 1»-ի կազմակերպիչը, սադրիչը»։

Փաշինյան. - Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, և ես դրա վերաբերյալ ասել եմ հետևյալը, որ հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի: Եվ ասել եմ, որ պատիվ ունեմ հետագայում նույնպես նման գործունեություն ծավալել և այսօրվա իմ գործունեությունը նույնպես համարում եմ դրան ուղղված գործունեություն՝ այսինքն ապօրինությանը և պետական հեղաշրջումների շարունակական գործընթացին դիմադրությունը: Բայց ես էլի եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա․ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի՝ որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենայի հետևից ցուցարարները դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում: Ո՞վ է իրեն տվել այդ տեղեկատվությունը, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ինչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին: Սա է գլխավոր թեման:

«Ազատություն». - Քոչարյանին կարծես այնքան էլ դուր չի եկել, որ Դուք լսումներ եք կազմակերպել դեռ մի բան էլ Ազգային ժողովի նախագահությունում նստել եք։

Փաշինյան. - Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեռ էնքան բաներ դուր չեն գա մոտակա և հեռակա ապագայում, հարցը դա չէ, բայց ես ասում եմ՝ էս թեմայից մենք չենք շեղվելու։

«Ազատություն». - Կանչողը գլխավոր դատախազն է չէ՞ լինելու։

Փաշինյան. - Այո՛, գլխավոր դատախազն է լինելու։

«Ազատություն». - Դուք հավատո՞ւմ եք, որ գլխավոր դատախազը կանչելու է Ռոբերտ Քոչարյանին և տալու է այդ հարցը, թե որտեղի՞ց այդ տեղեկատվությունը։

Փաշինյան. - Ես կարծում եմ, որ քանի դեռ այս հարցը չի լուծվել, «Մարտի 1»-ի թեման, ինչպես հանրապետականներն են սիրում ասել, չի փակվելու։ Սա «Մարտի1»-ի սպանությունները բացահայտելու անկյունաքարն է։ Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG