Մատչելիության հղումներ

Նիկոյանը մարտի 1-ի մասին. «Մենք ապրում ենք այդ ծանր բեռով, դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա»


Արխիվ -- Ոստիկանների և ցուցարարների դիմակայությունը Ֆրանսիական դեսպանատան մոտ, 1-ը մարտի, 2008թ․

Իշխանությունները ոչ մի ջանք չթափեցին բացահայտելու Մարտի 1-ի գործը, այլ պարզապես պարտակեցին այն, այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնած՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, և ո՛չ էլ հրաման տվողները: Անցել է 10 տարի», - արձանագրեց նա:

«Ելք»-ը պնդում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել: Իր ելույթում «Ելք»-ից պատգամավոր Էդմոն Մարուքյանը նորից շեշտեց՝ ճշմարտությունը պետք է բացահայտվի, սակայն դա հնարավոր չէ անել գործող ինստիտուտներով․ - «Որովհետև գործող ինստիտուտները ձախողվել են արդեն իսկ»:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն իր զեկույցում ներկայացրեց անցած 10 տարիների ընթացքում իրավապահ մարմինների կատարած աշխատանքը, ինչին արձագանքելով, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ դատախազությունը ոչ մի նոր բան այս զեկույցով չասաց: Քոչարյանն ընդգծեց՝ այս ընթացքում երեք դատախազ է փոխվել և լավ կլիներ, որ այսօր ներկա լիներ գլխավոր դատախազը՝ որոշ հարցեր հստակեցնելու համար:

«Եթե մեր վերջին զեկույցը դեռ չեն հասցրել ընթերցել, լավ հիմք է՝ հասկանալու համար, որ դա կարող է նախաքննությանը հնարավորություն տալ ուժային ամբողջ խճանկարը բացահայտել», - իր խոսքում նշեց Քոչարյանը՝ շարունակելով․ ֊ «Ես չեմ ուզում, որպեսզի 11-րդ տարում նույն զեկույցը լսենք, այլ ունենանք գոնե մի փոքր առաջընթաց, ունենանք բացահայտում ինչ-որ հարցում, որը կառողջացնի մեր երկիրը և հնարվորություն կտա, Մարտի 1-ը փակելով, լուծել նաև այն խնդիրները, որոնք մեզ ամեն օր թուլացնում են»:

Քոչարյանն ուշադրություն հրավիրեց 0038 հույժ գաղտնի հրամանի վրա: Համաձայն զեկույցում տեղ գտած ձևակերպումների՝ մինչև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրության մասին հրամանագրի ընդունումը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանով բանակային ստորաբաժանումներն արդեն իսկ տեղակայված են եղել մայրաքաղաքում՝ այս կերպ ներգրաված լինելով ներքաղաքական իրադարձություններում։

«Դրա ուսումնասիրությունը դեռ պետք է առջևում լինի», - շեշտեց Փաստահավաք խմբի նախկին անդամը:

Արդյոք Փաստահավաք խումբը որևէ ապացույց ունի այն մասին, որ ցույցի մասնակիցների մոտ զենք է եղել և նրանք դա գործածել են ոստիկանների դեմ․ Փաստահավաք խմբի ներկայացուցչից փորձում էր պարզել «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը: Պատասխանն էր՝ ոչ, չունի: Ավելի ուշ Դատախազության ներկայացուցիչ Բիշարյանը, նույն թեմային անդրադառնալով ասաց՝ նախաքննության փուլ է, շատ բան հրապարակել չի կարող․ - «Դա նախաքննության տվյալ ես կհամարեմ, և թերևս կխուսափեմ դրա վերաբերյալ որևէ պատասխան հնչեցնելուց»: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ - «Պարոն Բիշարյան, ախր շատ հանրահայտ տվյալներ են: Պարզ է, որ զոհերից ոչ մեկը զինված չի եղել»:

Ավելի քան 6 ժամ տևող լսումների ժամանակ բազմաթիվ հարցեր հնչեցին, ելույթներով հանդես եկան և՛ ընդդիմության, և՛ իշխանության, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Քննադատության կիզակետում հայտնվեց լսումներին ներկա նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը, սակայն, ամբիոնից վստահ հայտարարեց՝ ունի բոլոր հարցերի պատասխանը: Հայտնի դեպքերի մասին սեփական պնդումները մեկ անգամ ևս հրապարակելուց հետո՝ Կոստանյանը խոսքը տուժածների ընտանիքներին ուղղեց, հորդորելով՝ օգտվեք իրավունքներից և պահանջեք, որ քննիչները լավ աշխատեն: - «Դրա համար է անձին տրվում տուժողի իրավահաջորդի կարգավիճակ», - ընդգծեց նա:

Կոստանյանի բացատրություններից հետո էլ, սակայն, հարցերի, մտահոգությունների, մեղադրանքների տարափը չդադարեց:

«Այս 10 տարիների ընթացքում չի հարուցվել քրեական գործ պաշտոնական դիրքը չարաշահելու գործով», - ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում ի դեպ, առավոտյան չէին թողնում մտնել խորհրդարան, չնայած անցագրի առկայությանը, ելույթի վերջում հուզված դիմեց իշխանություններին․ - «Այ, դուք ուղղակիորեն գնդակահարել եք իմ հարազատներին: Մեծ, չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ելույթն ավարտվեց ծափերով: Վերջինս նախ ընդգծեց՝ հանրային լսումները էմոցիոնալ մխիթարանք են, որովհետև ամենքին ամեն ինչ հայտնի է: Բարսեղյանը կոշտ քննադատության ենթարկեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին, ով երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանին հարցաքննում ենք, որ ինչ ասի»:

«Առյուծի սիրտ պետք է ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համարձակվի գալ այստեղ, այս հանրային լսումներին: Այսինքն, դուք գիտեիք, որ Քոչարյան Ռոբերտը ինչ պիտի ասի և դա արժեքավոր չէ և դրա համար կարիք չկա՞ր նրան լսել: Վկաներ չկան, բաներ չկան․․․ հասկացանք, 80 ձևի լսել ենք տասը տարում: Վերևից բռնեք: Ինչ-որ մեկը ասում էր՝ գլխից պետք է բռնել», - հուշեց Բարսեղյանը:

«Ելք»-ից Սասուն Միքայելյանի խոսքն էլ կոշտ էր, հասցեատերը՝ նորից Գևորգ Կոստանյանը․ - «Այդ դառնությունները թող մնա Ձեզ, ժամանակի ընթացքում այդ դառնությունները Դուք կքաղեք»:

Նախկին դատախազի արձագանքը չուշացավ․ - «Որ պահին Դուք որոշեիք, որ ես հաջողված դատախազ եմ, դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը ընդգծեց՝ 10 զոհ, 500 վիրավոր, արյունալի հետընտրական իրադարձություններից անցել է 10 տարի, մինչդեռ արդյունավետ քննություն չի իրականացվել:

Լսումների ավարտին ելույթով հանդես եկավ հանրապետական Սամվել Նիկոյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր: Նրա խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ։ «Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»:

Բավականին էմոցիոնալ իր ելույթում Նիկոյանն ասաց. - «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որեւէ մեկը սխալ է արել, միտումնավոր է արե՞լ, հանցագո՞րծ է, ուրեմն թող պատժվի որպես հանցագործ։ Թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Ու շատ դժվար է: Ես անընդհատ հիշում եմ այդ իրադարձությունները: Որոշ մարդիկ, որ մասնակից էին դրան, մոռացան հաջորդ օրերը, իսկ ես տարի ու կես անընդհատ այդ կադրերը նայել եմ ու ապրել եմ դրանով, դա մի դժոխք էր: Ես անընդհատ հիշել եմ հարազատների, ծնողների արցունքները կամ հայացքները: Դրա համար ինչ-որ մի բան պետք է անել այդ ուղղությամբ»:

Նիկոյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հարցաքննության չհրավիրեցին Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին․ ասաց՝ հանձնաժողովը իրավասություն չուներ հարցաքննության կանչելու նախկին պաշտոնյաների։ Այնուհետև հանրապետական պատգամավորը դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

«Առաջին նախագահին՝ ասում էիք՝ ինձնից բացի թող էլ ոչ մի զոհ չպահանջվի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էին: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին, բա չգիտեի՞ք իշխանության քայլերն ինչ էին լինելու»։

Քոչարյանին դիմելով էլ՝ Նիկոյանն ասաց. - «Դուք արտակարգ դրությունը հայտարարելը հիմնավորելով հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:

Լսումները վարող Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով հանդիպումը, ընդգծեց՝ դատախազությունը հերթական անգամ կոծկեց իրականությունը և այսօր ամբիոնից հնչող նրանց ցավակցությունները այս դեպքում ուղղակի ծաղր են․ - «2008 թվականի մարտի 1-ին և դրանից առաջ ժողովուրդը դուրս է եկել ընդդեմ ապօրինությունների, ընդդեմ անարդարության, ընդդեմ բեսպրեդելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG