Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, Մխիթարյանը կրկին փայլեց


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, 22-ը հունվարի, 2018թ.
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, 22-ը հունվարի, 2018թ.

Լոնդոնի «Արսենալ»-ը այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 3:0 խոշոր հաշվով առավելության հասնելով «Ուոթֆորդ»-ի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ 59-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նրա փոխանցմամբ երկրորդ գնդակը ուղարկեց «Ուոթֆորդ»-ի դարպասը, իսկ 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցմամբ մրցակցի դարպասը գրավեց հայ ֆուտբոլիստը: Հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին՝ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո:

Հիշեցնենք, չորս անընդմեջ պարտությունից հետո «Արսենալ»-ը առաջին հաղթանակը տարավ մարտի 8-ին իտալական «Միլան»-ի հետ արտագնա խաղում՝ Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչում: Այս խաղում Մխիթարյանը խփեց «Արսենալ»-ի կազմում իր առաջին գոլը՝ բացելով հաշիվը:

Այս պահին հայ կիսապաշտպանը «Արսենալ»-ի կազմում երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ է: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել հունվարի վերջին: Նա ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն խաղացող:

Պրեմիեր լիգայի մրցաշարում «Արսենալ»-ը 30 տուրից հետո 48 միավորով շարունակում է 6-րդ տեղը զբաղեցնել:

Լոնդոնյան ակումբի հաջորդ խաղը մարտի 15-ին է, երբ «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի մրցաշարի պատասխան հանդիպումը կանցկացնի «Միլան»-ի հետ՝ այս անգամ սեփական հարկի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG