Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, 22-ը հունվարի, 2018թ.

«Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «Արսենալ»-ը իր պաշտոնական կայքէջում:

Հաղորդագրության համաձայն, Մխիթարյանը առաջին տեղն է գրավել քվեարկության մասնակիցների գրեթե երեք քառորդի ձայներով, երկրորդը Նաչո Մոնրեալն է, երրորդը՝ Աարոն Ռամսին:

«Արսենալ»-ը իր հաղորդագրությունում նշում է, որ լոնդոնյան ակումբում իր առաջին լրիվ ամիսը հայ ֆուտբոլիստը սկսել է փայլուն մարզավիճակում, երեք գոլային փոխանցում է կատարել Լիվերպուլի «Էվերտոն»-ի հետ խաղում, որում լոնդոնյան ակումբը հաղթել է 5:1 հաշվով, ևս երկուսը՝ Եվրոպայի լիգայի մրցաշարում շվեդական «Էսթերսունդս»-ի հետ արտագնա հանդիպմանը, որում «զինագործները» առավելության են հասել 3:0 հաշվով: «Փաստացի, Մխիթարյանը փետրվարին միջինի յուրաքանչյուր 65․8 րոպեում կատարել է մեկ գոլային փոխանցում», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» է տեղափոխվել այս տարվա հունվարի վերջին:

Նշենք նաև, որ Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչում այսօր ուշ երեկոյան «Արսենալ»-ը առաջին խաղը կանցկացնի իտալական «Միլան»-ի հետ՝ մրցակցի դաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG