Մատչելիության հղումներ

Մխիթարյանը ստորագրեց պայմանագիրը «Արսենալ»-ի հետ


Արտապատկերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջից
Արտապատկերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Արսենալ»-ի հետ: Այդ մասին երկուշաբթի երեկոյան հաղորդեց լոնդոնյան ակումբը իր պաշտոնական կայքէջում:

Գործարքի շրջանակում չիլիացի Սանչեսը «Արսենալ»-ից տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ», ասված է հաղորդագրությունում:

«Անչափ երջանիկ եմ, որ մենք կարողացանք ավարտին հասցնել այս գործարքը, և անչափ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Սա իրականացած երազանք է, քանի որ ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ի համար: Այժմ ես այստեղ եմ և կանեմ ուժերիցս եկածը, որպեսզի այս ակումբը պատմություն կերտի», - հայտարարել է Մխիթարյանը:

«Հենրիխը լիակատար ֆուտբոլիստ է: Նա հնարավորություններ է ստեղծում, լավ է պաշտպանությունում, կարողանում է հեռավորություններ ընկալել և նաև շատ նվիրված է։ Պետք է ասեմ, որ նա մի խաղացող է, որն օժտված է բոլոր հատկանիշներով», - հայտարարել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Հենրիխը 39 հանդիպում է անցկացրել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, հինգ գոլ է խփել և մաս է կազմել անցած խաղաշրջանում ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հաղթած թիմին: Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն է և նրա բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա նաև 8 անգամ արժանացել է Հայաստանի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին», - իր հաղորդագրությունում նշում է «Արսենալ»-ը:

Հենրիխ Մխիթարյանը 29 տարեկան է, մարզական կարիերան սկսել է «Փյունիկ» ակումբում, որի կազմում չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Այնուհետև տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա՝ «Շախտյոր» ակումբներում, վերջինի կազմում 72 հանդիպում է անցկացրել, երեք անգամ նվաճել Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը: 2013-ին Մխիթարյանը տեղափոխվել է Գերմանիայի Բունդեսլիգայի «Բորուսիա» (Դորտմունդ) ակումբ, որի կազմում 90 անգամ խաղադաշտ է դուրս եկել՝ 2014-ին նվաճելով Գերմանիայի գավաթը, հայ կիսապաշտպանի կենսագրական տվալներն է ներկայացնում «Արսենալ»-ի կայքէջը:

Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում էր 2016-ի հուլիսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG