Մատչելիության հղումներ

Հայ խորհրդարանականները ԱՄՆ-ում ուշադրություն են հրավիրել Բաքվի պահվածքի վրա


ԱՄՆ - Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության հետ հանդիպմանը, Վաշինգտոն, 7-ը մարտի, 2018թ․
ԱՄՆ - Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության հետ հանդիպմանը, Վաշինգտոն, 7-ը մարտի, 2018թ․

Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ու կարևորել հատկապես շփման գծում հրադադարի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտությունը։

Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ, այս մասին առավել հանգամանորեն խոսել են երեկ Սպիտակ տանը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթի հետ հանդիպման ժամանակ։ Հայ պատգամավորները ամերիկացի գործընկերներին տեղեկացրել են վերջին շրջանում Ադրբեջանի՝ մասնավորապես Իլհամ Ալիևի հայատյաց հայտարարությունների մասին։

«Մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ընդգծվել է վստահության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Մասնավորապես, պատվիրակության անդամները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ոչ միայն չպահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են, օրինակ, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլ նաև շարունակում է այնպիսի հայտարարություններ անել, ինչպես, օրինակ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ալիևի կողմից «Երևանը Ադրբեջանի պատմական հող լինելու» հանգամանքը», - «Ազատությանը» հայտնեց հայկական պատվիրակությունը գլխավորող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Այս առումով ընդգծվել է, որ այս ամենը բացարձակապես չի նպաստում խաղաղ կարգավորմանը»:

«Ներկայացրել ենք, որ խնդրի կարգավորման կարևոր առանցքներից մեկը վստահության մթնոլորտի ստեղծումը պիտի լինի, մինչդեռ էն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, որևէ կերպ չի նպաստում վստահության մթնոլորտի ձևակերպմանը», - իր հերթին, փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը:

«Այդպիսի հայտարարությունները, կարծում ենք, որ պետք է հստակ գնահատվեն և դատապարտվեն Միացյալ Նահանգների կողմից՝ որպես [ԵԱՀԿ] Մինսկի խմբի համանախագահ երկիր, որովհետև դրանք որևէ կերպ չեն նպաստում խաղաղության կառուցմանը և որևէ կերպ չեն նպաստում մեր հասարակությունների պատրաստմանը կոնֆլիկտի կարգավորման համատեքստում», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Արդեն չորս օր Միացյալ Նահանգներում գտնվող հայկական պատվիրակությունն այս այցը պատմական է որակում։ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Աղվան Վարդանյանը հանդիպել են նաև ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության ու տարբեր կուսակցությունների հետ։

«Ըստ էության, հանդիպումներ են եղել ամենաբարձր մակարդակով ամենատարբեր ինստիտուտներում, ամենատարբեր պետական կառույցներում, որտեղ հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու Հայաստանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգի գերակայությունները», - ասաց Հովհաննիսյանը:

Հայ խորհրդարանականների փոխանցմամբ՝ հանդիպումներում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ «Մասնավորապես, ընդգծվել են մի շարք կարևոր ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման հնարավորություններն ու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև խորհրդարանական կառավարման ձևի անցման համատեքստում խորհրդարանական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը», - հայտնեց պատվիրակության ղեկավարը:

«Մեծ սպեկտր է հարցերի քննարկվում բոլոր հանդիպումների ժամանակ, և այդ հարցերը սկսվում են Հայաստան-Միացյալ Նահանգներ երկար բարեկամությունից, Միացյալ Նահանգների ներդրումների մասին, ինչպես նաև Միացյալ Նահանգների դերի մասին՝ Մինսկի խմբի որպես համանախագահ, և դրան գումարած՝ մեր առաջարկությունները Միացյալ Նահանգների մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, և նոր կոնցեպտի՝ from aid to trade, այսինքն՝ «օգնությունից դեպի առևտուր» կոնցեպտի շրջանակներում քննարկում, թե Միացյալ Նահանգները ինչպես կարող է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը», - մանրամասնեց Էդմոն Մարուքյանը:

Հայաստանյան պատվիրակության անդամները վստահ են, որ այս այցը լավ սկիզբ է հայ-ամերիկյան հարաբերությունները վերաթարմացնելու համար։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ամերիկյան պաշտոնյաների մոտ որոշակի թյուր ինֆորմացիա կար հայաստանյան խնդիրների մասին, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների մասով։ «Գոնե ինձ մոտ տպավորություն կար, որ տարբեր կառույցներում ոչ թարմացված, ոչ, էսպես ասեմ՝ «ռեսթարթ» եղած տեղեկատվություն կար Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին օրակարգի վերաբերյալ, և իմ տպավորությամբ՝ խիստ խեղաթյուրված տեղեկություն կար, ինֆորմացիա, և շատ դեպքերում դոգմատիկ կարծրատիպեր կային տարբեր խնդիրների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների, այդ թվում՝ տարածաշրջանային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ», - ընդգծեց պատգամավորը:

Պատվիրակությունը ԱՄՆ այցը կավարտի այսօր՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG