Մատչելիության հղումներ

Լրագրողները փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում օրենք չեն խախտել. Սաթիկ Սեյրանյան


Լրագրողները փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում օրենք չեն խախտել։ Այդ մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա նշեց, որ այդ օրը լրագրողները ոչ իրենց մեղքով հայտնվել են շատ անհասկանալի իրավիճակում։

«Նրանք այդ օրը օրենք չեն խախտել, օրենքն առաջին հերթին խախտել է «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ապա քաղաքապետարանի լրատվական վարչությունը», - ասաց Սեյրանյանը՝ շարունակելով. - «Այս դեպքում «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը պետք է գնար իր սենյակ, նա իրավունք չուներ շրջելու։ Այդ կարգը պետք է իմանային լրատվական վարչությունն ու Զարուհի Փոստանջյանը։ Արթուր Գևորգյանը, որ հղում էր կատարում ինչ-որ կարգի, հետո պարզվեց, որ դա այն կարգն է, որ 2004-ին կառավարության որոշմամբ, քաղաքապետարանը հատուկ շինությունների ցանկում է, և ոստիկանությունն ու քաղաքապետարանը շենքի պահպանության և անցագրային ռեժիմի մասին հրահանգ են ստորագրել, որտեղ կարգավորվում է որևէ այցելուի մուտքի անցագրի և այլնի հարցերը, լրատվամիջոցները որևէ այցելու անվան տակ են, չեն առանձնացնում»։

Ժուռնալիստների միության նախագահն ընդգծեց՝ վստահ է՝ քաղաքապետարանի շատ աշխատակիցներ այս միջադեպից հետո իմացան օրենքը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:

Ծեծկռտուքից օրեր անց, քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել:

Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:

Հայտարարությունից հետո Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու նրա հանձնարարականը։

«Ես կարող էի ընդամենը բավարարվել միայն այդ դատափետող հայտարարությամբ, բայց ես որոշեցի այլ ճանապարհով գնալ՝ գնալ և պարզաբանում պահանջել։ Նախ ի՞նչ է նշանակում քաղաքապետարանի լրատվական ծառայության պետի հղումն ինչ-որ կարգի, որովհետև չենք հասկանում, ինչ կարգ է, որը խախտվել է լրագրողների կողմից, և երկրորդը՝ ի՞նչ է նշանակում կանոնակարգել։ Այդ բառը բավական վախեցնող էր հնչում։ Ես հանդիպեցի քաղաքապետին, այնտեղ էր նաև իրավաբանական վարչության պետը և որոշ հարցեր քննարկեցինք, այնուհետև ես հորդորեցի, որ եթե դուք նույնիսկ ուզում եք լրատվամիջոցների աշխատանքը բարելավել և, այսպես ասած, մեզ լավություն անել, առանց մեզ դա չեք կարող անել։ Այսինքն՝ առաջին հերթին դուք պետք է հաշվի նստեք լրատվամիջոցների հետ, չեք կարող չորրորդ իշխանության համար լավ պայմաններ ստեղծել՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, որպեսզի սա հերթական մահակը չլինի», - ասաց Սեյրանյանը՝ նշելով. - «Խնդիրն այն է, որ մենք կարողանան պնդենք, որ այս իրավիճակում լրագրողների աշխատանքը չխոչընդոտվի և չսահմանափակվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG