Մատչելիության հղումներ

«Հանձնարարականից հետո թյուրըմբռնում է եղել լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում». Տարոն Մարգարյան


Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այսօր հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու նրա հանձնարարականը, ինչպես նաև փետրվարի 19-ին մայրաքաղաքի ավագանու նիստի ժամանակ գրանցված միջադեպի հետ կապված՝ լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, հանդիպման նախաձեռնությունը Սաթիկ Սեյրանյանինն էր։

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախևառաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը», - ասել է Ժուռնալիստների միության նախագահը՝ շարունակելով. - «Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի, Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում: Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը նշել է, որ իր հանձնարարականից հետո թյուրըմբռնում է եղել լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում:

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը», - ասել է Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծել է, որ իր հանձնարարականը մասնավորապես վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

«Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը Հայաստանի կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը», - ասել է քաղաքապետը՝ շարունակելով. - «Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև: Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալու Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմնին»:

Հանդիպման ավարտին քաղաքապետն ու Ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվել են Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:

Ծեծկռտուքից օրեր անց, քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել: Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:

Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը, հետևաբար իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG