Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպություններ․ Քաղաքապետարանում խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատության» ստուդիայում:

Լրագրողական մի շարք կազմակերպություններ գտնում են, որ երեկ Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։

Տարածած հայտարարությամբ հեղինակները իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ «կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով,լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար»։

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը պետք է սպասարկի Երեւանի ավագանու բոլոր խմբակցությունների աշխատանքը», - «Ազատության» եթերում կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: - «Եվ դա մոտավորապես նույն շարունակությունն էր, ինչպես անցած շաբաթվա ընթացքում ավագանու նիստի ժամանակ այդ միջադեպի ընթացքում պահեցին իրենց հանրապետականները»:

Երեկ, երբ «Ազատության» և «Ա1+»-ի տեսախցիկները արձանագրեցին քաղաքապետարանի սենյակներից մեկում խաղաթղթեր, և ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այդ սենյակում հավաքվողները մշտապես թղթախաղով են զբաղված, տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին դուրս հանեց քաղաքապետարանից: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ կարգ է խախտվել, առանց աշխատակազմի թույլտվության լրագրողները իրավունք չունեն շենքում պտտվել՝ անգամ Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ։ Ու քանի որ, ըստ Գևորգյանի, «կարգ էր խախտվել», նա իրեն իրավունք վերապահեց լրագրողներին արգելել նաև մտնել Փոստանջյանի աշխատասենյակն ու նրա հետ հարցազրույց վարել։

Սակայն Գևորգյանը երեկ այդպես էլ չներկայացրեց, թե մասնավորապես ինչ կարգ է խախտվել։ Այսօր «Ազատությանն» ասաց, թե խոսքը ներքին կանոնակարգի մասին է, որին ծանոթանալու համար խորհուրդ տվեց դիմել գրավոր։ Դիմել ենք, սպասում ենք պատասխանի։

Քաղաքապետարանի «ներքին կարգ» ասվածին ավագանու ընդդիմադիր անդամները նույնպես չեն կարողանում ծանոթանալ: «Ելք»-ից Արայիկ Հարությունյանը երեկ «Ազատությանը» փոխանցել էր, որ արդեն 2 ամիս է, իրենց չի հաջողվում գրավոր ստանալ քաղաքապետարանի ներքին կարգ ասվածը: Քաղաքապետարանի պաշտոնյաները, ըստ Հարությունյանի, դրա մասին խոսում են միայն բանավոր:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը ևս ուսումնասիրել է, բայց փաստաթուղթը չի գտել․ - «Հայտարարությունը պատրաստելուց առաջ մենք էլ Երևանի քաղաքապետարանի կայքը բավականին մանրամասն ուսումնասիրեցինք և որևէ նմանատիպ նորմատիվ իրավական փաստաթուղթ չտեսանք: Եթե կար, դա պետք էր հրապարակել: Համենայն դեպս գաղտնիք չի պարունակում և կարող է հանրայնացվել: Իսկ այն, որ նաև ավագանում անդամները չեն կարողանում ծանոթանալ այդ փաստաթղթին, վկայում է երևի թե այն մասին, որ ուղղակի դա չկա, և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան, ըստ էության, կամայականություն է ցուցաբերել, չարաշահել է իր լիազորությունները»:

Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքի մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նաև երեկվա միջադեպին է անդրադարձ կատարել՝ նկատելով․ - «Փետրվարի 19-ին կրկին խոչընդոտվել է «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը, արգելվել է «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը խմբակցության աշխատասենյակ»:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դիմում-բողոքը ստացել են, այժմ ուսումնասիրում են։

Քաղաքապետարանի շենքում երեկ տեղի ունեցած միջադեպից հաշված ժամեր անց Տարոն Մարգարյանը հանձնարարականներ իջեցրեց իր ենթականերին՝ առաջարկներ ներկայացնել լրագրողների աշխատանքը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը կանոնակարգելու վերաբերյալ։

Ավագանու «Ելք» խմբակցության կարծիքով, ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ: Ընդդիմադիրները հայտարարությամբ Տարոն Մարգարյանին կոչ են արել ձեռնպահ մնալ քաղաքապետարանի գործունեության թափանցիկությանը վնասող կանոնակարգումներից, նաև շեշտել են՝ «գործող կանոնակարգումները անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են»:

Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը մտավախություն ունի, որ Կառավարության օրինակով Երևանի ավագանու աշխատանքը ևս կարող է դռնփակ դառնալ․ - «Վատ օրինակը վարակիչ է»:

XS
SM
MD
LG