Մատչելիության հղումներ

Երեկ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է լրագրողների գործունեությունը. Աշոտ Մելիքյան


Երեկ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է լրագրողների գործունեությունը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։

«Երեկ շատ զավեշտալի իրավիճակի հետ մենք գործ ունեինք և տեսանք, թե ինչպես քաղաքապետարանի պաշտոնյան կարող է արգելել ավագանու անդամի շփումը լրագրողների հետ և ինքը կարող է որոշել, թե իրենք ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն և, ընդ որում, խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը։ Ճիշտ է, ինքն ասում է, որ ձեր մեղքով չի խախտվել, ինչ-որ ներքին կանոնակարգ և այլն, բայց արդյունքում տուժում են լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք որ եկել էին և իրենց պարտականությունները պետք է կատարեին, բայց դա խոչընդոտվեց, և դա իսկապես զավեշտալի է, մանավանդ երբ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որը ոչ ոք չի տեսել։ Դեռ երկու ամիս առաջ «Ելք»-ն էր փորձել հասկանալ, թե ինչ ներքին կանոնակարգ գոյություն ունի, որ պետք է կարգավորի այդ հարցերը, չեն ստացել։ Սա վկայում է, որ նման փաստաթուղթ չկա և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կամայականություն է ցուցաբերել, չարաշահել է իր լիազորությունները», - ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ սա անհիմն սահմանափակում է թե՛ քաղաքական գործչի, թե՛ լրագրողների նկատմամբ։

Մելիքյանը նշեց, որ այս կապակցությամբ մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ հանդես կգան։

Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ոստիկանների ուղեկցությամբ, լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել:

Արթուր Գևորգյանը դիմեց իրավապահների օգնությանը, երբ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին փորձեց ցույց տալ, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG