Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Ազատության» և «Ա1+»-ի թղթակիցների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ հարուցել


Արթուր Գևորգյանը հրամայում է դուրս հանել լրագրողներին քաղաքապետարանից, 19-ը փետրվարի, 2018թ.
Արթուր Գևորգյանը հրամայում է դուրս հանել լրագրողներին քաղաքապետարանից, 19-ը փետրվարի, 2018թ.

Լրագրողական 9 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, ով մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես այն, որ ավագանու փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ անձանց թղթախաղով զբաղվելու փաստը»։

Կազմակերպությունները նշում են, որ լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ և ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Սակայն մի շարք հարցեր մնում են առկախ. այդ օրն իրենց գործունեությամբ ի՞նչ կարգ են խախտել «Ազատության» և «Ա1+»-ի նկարահանող խմբերը, մինչև հիմա ի՞նչ առումով կանոնակարգված չէր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, և ի՞նչ կարելի է հիմա ակնկալել բացի անհիմն սահմանափակումներից»։

Հաշվի առնելով վերոգրյալը, լրագրողական 9 կազմակերպությունները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար, Երևանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն, իրավապահ մարմիններից՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG