Մատչելիության հղումներ

«Իմ գնահատականները շատ հարցերում տարբերվում են ՀԱԿ-ի գնահատականներից». Արմեն Սարգսյան


Նշենք, որ ընդդիմադիր ուժը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են 2015-ին Սահմանադրության կեղծված հանրաքվեի և 2017 ֊ին կեղծված խորհրդարանական ընտրությունների մասին:

«2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛ որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, երբ Հանրապետականի նախագահի թեկնածուին փոխանցեցինք ՀԱԿ-ի հաղորդագրության մանրամասները, նա նշեց, թե հանդիպումը կոնֆիդենցիալ է եղել, և իր գրասենյակն էլ հանդես կգա հայտարարությամբ:

«Հանդիպումը օգտակար էր», - «Ազատությանն» ասաց Արմեն Սարգսյանը: - «Ես նախ և առաջ ուշադրությամբ լսեցի իրենց բոլոր փաստարկները և՛ ժողովրդավարության, և՛ տնտեսության, և՛ պետական կառույցի մասին: Դրանից հետո ունեցանք բավականին բաց քննարկումներ: Կարծում եմ, այսօր այդքանը բավական է իմ կողմից»:

«Ազատութուն»․ - Չե՞ք համաձայնել կեղծված ընտրությունների մասով նրանց համոզման հետ:

Արմեն Սարգսյան․ - Ես նորից պատասխանում եմ՝ մենք ունեցանք բաց, բավականին կոնֆիդենցիալ քննարկումներ: Իմ գնահատականները տարբերվում են իրենց գնահատականներից շատ հարցերում: Կային հարցեր, որ մենք կարծես ընդհանուր կարծիք ունենք: Եվ կարծում եմ, այս հարաբերությունները կշարունակվեն»։

«Ազատութուն»․ - Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելո՞ւ եք:

Արմեն Սարգսյան․ - Ես կարծում եմ, ճիշտ կլինի նմանատիպ հանդիպման [մասին] խոսել՝ եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ: Գուցե դրանից հետո, իհարկե, ես հաճույքով կհանդիպեմ Հանրապետության և՛ առաջին նախագահին, և՛ երկրորդին:

Հանրապետականի նախագահի թեկնածուին նաև հարցրեցինք, թե արդյոք իրեն չեն մտահոգում ընդդիմության պնդումները, թե իշխող Հանրապետականը օրենքների միջոցով փորձում է կրճատել Հայաստանի 4-րդ նախագահի լիազորությունները:

Արմեն Սարգսյանն ասաց, որ այժմ ինքը ոչ թե մտահոգվելու, այլ մտածելու փուլում է․ - «Ես նորից ուզում եմ ասել՝ օրենքների ձևավորման պրոցեսի մեջ ես ներդրում չունեմ: Ես ընդամենը Հայաստանի քաղաքացի եմ և այս պահին Հանրապետության դեսպանը Մեծ Բրիտանիայում: Ես ուշի-ուշով հետևում եմ այդ բոլորին, բայց ապագա Հանրապետության նախագահի աշխատանքին կամ իր գործունեությանը՝ անկախ նրանից, ես կլինեմ թե որևէ մեկը, ես վերաբերվում եմ ավելի լայն իմաստով: Որովհետև կարելի է ղեկավարել՝ կառավարելով, և կարելի է ղեկավարել՝ առաջնորդելով: Կառավարման համար, բնական է, պետք ունենք լծակների, իսկ առաջնորդելու համար․․․ կարելի է առաջնորդել գաղափարով, կարելի առաջնորդել նաև ծրագրով, տեսլականով և այլն: Բայց Հանրապետության նախագահը ոչ միայն կարող է ունենալ այս բոլորը, այլ նաև ունի շատ մեծ լիազորությունների սահման այսօրվա Սահմանադրությամբ»:

Նշենք, որ ՀԱԿ-ից բացի Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է նաև ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ կուսակցության հաղորդագրության, վաղը Սարգսյանը կհանդիպի նաև վարչության անդամներին:

Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից բացի, Հանրապետականի նախագահի թեկնածուն նաև շարունակում է այցերը կրթական հաստատություններ․ այսօր նա եղավ ֆիզմաթ դպրոցում, ինչպես նաև «ԱՅԲ» կրթահամալիրում : Սարգսյանը ծանոթանում էր երեխաների հետ, փորձում պարզել նրանց հետաքրքրությունները:

Մասնավորապես, ֆիզմաթ դպրոցի ռոբոտաշինության դասասենյակում փորձեց պարզել, թե աշակերտները ծրագրավորման ինչ լեզուներով են ռոբոտներ պատրաստում: Արմեն Սարգսյանը հպարտացավ, որ ինքն էլ C++ ով գրել գիտի, ապա ասաց, որ կոմպյուտերային խաղեր է գրել՝ խոստանալով դրանք նվիրել մի քանի շաբաթ անց դպրոց կատարելիք իր այցի ընթացքում․ - «Չորս շաբաթից ես կգամ, ձեզ նվեր կբերեմ իմ գրած կոմպյուտերային խաղերը»:

Արմեն Սարգսյանը երեխաներին փորձում էր նաև հուշել, որ իրենց բացահայտումները և ստեղծագործությունները պետք է կարողանան վերածել բիզնեսի․ - «Ես տղաներին խոստացա չորս շաբաթից գալ: Դու էլ ինձ ցույց տուր բիզնես պլանը, թե սրանից ինչպես կարելի է կառուցել մի բան՝ արդյունաբերական պրոդուկտ, որը կարող ես հետո վաճառել»:

«ԱՅԲ» դպրոցում Արմեն Սարգսյանը նկարչության դասին մասնակցող աշակերտների աշխատանքերին ծանոթանացավ, նաև հետաքրքվեց, թե որ ժամանակրշրջանի նկարիչների գործերն են սիրում:

Ի դեպ, երբ Արմեն Սարգսյանը փորձում էր աշակերտներից պարզել, թե ով ինչ է ուզում դառնալ, երեխաներից մեկն ասաց, թե դեռ չի որոշել: Ի պատասխան նախագահի թեկնածում էլ կատակեց՝ ոչինչ, ես էլ դեռ չեմ որոշել:

Իսկ բիզնեսմեն դառնալ ցանկացող երեխային իր օրինակը բերեց․ - «Ես, օրինակ, ֆիզիկոս եմ սովորել, հետո դիվանագետ, հետո ինչ-որ ժամանակ բիզնեսմեն էլ եմ եղել: Նենց որ, եթե ֆիզիկա լավ սովորես, կարող ա բիզնեսմեն էլ դառնաս»:

Արմեն Սարգսյանը նաև հետաքրքրվեց՝ տաղանդավոր երեխաները, ովքեր օլիմպիադաներում բազմաթիվ մեդալաներ են վաստակել, որտե՞ղ են ուզում շարունակել իրենց ուսումը: Երբ երեխաները պատասխանեցին, թե արտասահմանում, նախագահի թեկնածուն ասաց․ ֊ «Արդեն մտածելու տեղ է տալիս»:

Վաղը Արմեն Սարգսյանը ծրագրում է մեկնել Գյումրի:

XS
SM
MD
LG