Մատչելիության հղումներ

Պաշտոնական Ստեփանակերտը դրական է համարում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը


Պաշտոնական Ստեփանակերտը դրական է համարում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն ու կարծում, որ ընտրվելու դեպքում նա կարող է մեծ օգուտ բերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։

Արմեն Սարգսյանը երկօրյա այցով Ստեփանակերտում է, երեկ ուշ երեկոյան նա հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Վերջինիս աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է եղել։

«Կարծում եմ Հայաստանի ապագա՝ չորրորդ նախագահը կունենա իր դերակատարությունը․ որպես Մայր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա կսատարի Արցախին ըստ ամենայնի, որովհետև դա ամենակարևոր համահայկական հարցերից մեկն է», - կարծիք հայտնեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ստեփանակերտի լավատեսությունն, ըստ Բաբայանի պայմանավորված է Արմեն Սարգսյանի անձով: Թեև նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակ են, Լեռնային Ղարաբաղում վստահ են, որ Սարգսյանն իր հեղինակությամբ ու արտաքին կապերով կարող է աջակցել Արցախին․ - «Պարտադիր չէ պաշտոնապես նա ինչ-որ բանակցային գործընթացում գտնվի, հանդիպի: Դրանով չէ միայն դերակատարությունը ամփոփվում: Դա և՛ խորհուրդներն են, և՛ այս կամ այն հարցերի քննարկումն է, այնտեղ գործուն մասնակցություն ունենալը»:

Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով, ըստ «Արցախպրեսսի», երեկ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արմեն Սարգսյանը։ Նախագահի հետ առանձնազրույցից հետո, Սարգսյանը ընդլայնված կազմով հանդիպել է նաև ԼՂ ԱԺ խոսնակի, պետնախարարի ու Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ։

Ղարաբաղյան հիմնախնդրի, տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքական հարցերից բացի, Արմեն Սարգսյանն կարևորել է նաև Արցախում որակյալ կրթություն ապահովելու հարցը։ Ըստ Դավիթ Բաբայանի, Սարգսյանը վստահեցրել է, որ առաջադրվելու և ընտրվելու դեպքում իր հիմնական առաջնահերթությունը լինելու է կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը։

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, ներկայումս Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված էր։ Առաջադրվելու հարցում իր վերջնական որոշումը կայացնելու համար նա նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել՝ ցանկանալով հանդիպել քաղաքական ուժերին, մտավորականներին, Սփյուռքի ներկայացուցիչներին ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը։ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է իշխող հանրապետականներին ու նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, ընդդիմադիր «Ելք» խմբակցությանը, մի շարք հանրային գործիչների, մտավորականների, հանդիպումներ է անցկացրել նաև Մոսկվայում, Միլանում և Փարիզում։

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG