Մատչելիության հղումներ

Համայնքապետը հուսով է՝ Թեղուտում մարդկանց աշխատանքից ազատելը ժամանակավոր է


Թեղուտի հանքավայրը, արխիվ
Թեղուտի հանքավայրը, արխիվ

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Վալլեքս» խումբը հայտարարում է, որ առայժմ ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու արտադրանք թողարկելուց։ Ուրբաթ երեկոյան տարածած հայտարարությունում նշվում է նաև, որ ընկերությունն աշխատանքից ազատել է Թեղուտի հանքավայրում աշխատողների մեծամասնությանը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ - «Տևական կանգառի պայմաններում ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով։ Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»:

Հիշեցնենք, հունվարի 12-ից տուն ուղարկված աշխատողները «Ազատությանը» ավելի վաղ ասել էին, որ ղեկավարությունն իրենց որևէ տեղեկություն չի հայտնել այն մասին, թե երբ կվերսկսվի արտադրությունը կամ որքան են իրենց վճարելու չաշխատած ամիսների համար։

«Վալլեքս» խումբը երեկ հայտարարել է, որ «աշխատակիցներին կվճարեն վերջիններիս աշխատավարձերը ամբողջական, կամ՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակահատվածի համար, միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով»:

Աշխատանքից զրկվածները հիմնականում Թեղուտի և Շնողի բնակիչներն են: Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը կարծում է՝ մարդկանց աշխատանքից ազատելը ժամանակավոր բնույթ է կրում: «Ազատության» հարցին, թե արդյոք «Վալլեքս» խմբի հետ քննարկում եղե՞լ է՝ կապված աշխատատեղեր ստեղծելու հետ, համայնքապետը պատասխանեց՝ համապատասխան մասնագետներին հնարավոր է, որ իրենց գյուղերից դուրս՝ այլ վայրերում աշխատանք տրվի․ - «Հնարավորության դեպքում աշխատակիցներին տեղավորելու են տարբեր տեղերում՝ դա կլինի Ղարաբաղ, դա կլինի Երևան, չգիտեմ որտեղ, «Վալլեքս» խումբը մեծ կազմակերպություն ա, կարող ա Ալավերդի: Դրա համար էդ հարցը քննարկվել ա, իրանք աշխատելու են մաքսիմում աշխատակիցներին իրանց տեղավորեն աշխատանքի»:

Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Ֆրունզե Նորեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղի սոցիալական վիճակն առանց այն էլ բարվոք չէ, իսկ աշխատատեղերի կրճատումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը: Եթե բնակիչներին աշխատատեղերով չապահովեն, ապա նրանք կշարունակեն ապրել այնպես, ինչպես սովոր էին, նշեց Ֆրունզե Նորեկյանը․ - «Մենք ՝ մեր գյուղը, մեր այգիներով, մեր անտառներով, մեր անասուններով, չարչարվելով դժվարությամբ ապրենք, ինչ ասեմ»:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչև «Վալլեքս» ընկերության հայտարարությունն էլ իր համար պարզ էր, որ նման որոշում կկայացվի:

«Փաստը էն է, որ էն բոլոր պնդումները, որոնք որ էկոլոգները, մյուս ակտիվիստները ասում էին 10-15 տարի առաջ, որ լուրջ խնդիրներ են լինելու՝ և՛ բնապահպանական, և՛ այլ առումներով, դարձան իրականություն: Իսկ Թեղուտի վերաբերյալ «Վալլեքս»-ի բոլոր պնդումները, «Վալլեքս»-ի ներկայացուցիչների և նաև այլ, պետական կառույցների ներկայացուցիչների, որոնք որ պնդում էին, որ «այս ինչ հոյակապ բան է լինելու, ոչ մի խնդիր չի լինելու, ժամանակակից ձևով էնպես ենք շահագործելու, որ»․․․ և այլն, և այլն, պարզվում է՝ դրանք բոլորը սուտ էին»:

«Եթե էսպես բան է լինում, դու աշխատանքը դադարեցնում ես, Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից ես, հունվարի 11-ին, 12-ին աշխատանքը դադարեցնում է, 18-19-ին նոր հանրությունը ինչ-որ աղմուկ է բարձրացնում, որ էս ի՞նչ խնդիրներ են, աշխատանքը դադարեցվել է, ու բաց է թողնվում գետերի մեջ, ու հունվարի 24-ին նոր պաշտոնական հայտարարություն է տարածում ընկերությունը, իսկ էդ 12 օրվա ընթացքում ոչ մի բան չկար, ոչ էլ պետական մարմիններն են ձայն հանել, ինչ էր արվում էդ 12 օրվա ընթացքում, ոչ մեկը չգիտի՝ հետքեր էին վերացնում, կամ չէին վերացնում, կամ ինչ իրական խնդիրներ կար, և այլն», - ընդգծեց Գալստյանը՝ ամփոփելով․ - «Չգիտեմ, ես չեմ կարող ասել՝ էդ ինչ են իրենք թաքցնում, բայց որ խնդիրները լրջագույն են՝ հենց հատկապես էկոլոգիական, բնապահպանական, տեխնոլոգիական խնդիրները՝ հենց կապված նաև պոչամբարի հետ, դա ակնհայտ է»:

Հիշեցնենք՝ անցյալ տարի օգոստոսին Թեղուտ գյուղում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել էր արդյունահանման ծավալները կրկնապատկելու ծրագիրը։ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները, ովքեր պնդում են, որ հանքավայրի գործունեության պատճառով մեծ վնասներ են կրում, դեմ էին արտահայտվել ընդլայնման ծրագրերին: «Վալլեքս» ընկերությունում, սակայն, համարում են, որ հանրությունը ոչ թե դեմ է եղել, այլ «հնչել են առանձին մտահոգություններ, որոնք կարող են հաշվի առնվել նախագծի հաստատման ընթացքում»:

«Վալլեքս»-ը, ըստ էության, ընդունում է, որ աշխատանքի դադարի պատճառը հենց այս ծրագիրն է, որի շրջանակում «կարիք է առաջացել ներգրավել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ծավալուն գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և գործնական լուծումներ տալու համար»։

«Միայն նմանատիպ քայլերով ընկերությունը կկարողանա իրագործել հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծրագրի իրականացման նպատակով ներգրավված վարկային միջոցները վերադարձնելու ու հավելյալ արդյունք ձևավորելու իր նպատակները»,- հայտարարում է «Վալլեքս» խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG