Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրը դադարեցրել է գործունեությունը, աշխատողները տարակուսած են


Թեղուտի հանքավայրը, արխիվ

Թեղուտի հանքավայրն ու 2014 թ. վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են գործունեությունը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

Հունվարի 12-ից տուն ուղարկված աշխատողները «Ազատությանն» ասացին, որ ղեկավարությունն իրենց որևէ տեղեկություն չի հայտնել այն մասին, թե երբ կվերսկսվի արտադրությունը կամ որքան են իրենց վճարելու չաշխատած ամիսների համար։ Աշխատողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ լրիվ դրույքաչափով վճարվելու համար վերցրել է իր հերթական արձակուրդը, սակայն մտավախություն ունի, որ մեկ ամիս անց կամ էլ փող չի ստանա, կամ կստանա աշխատավարձի չնչին մասը միայն։

Թեղուտում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալլեքս» ընկերությունն «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ աշխատանքը դադարեցրել են «պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով»։ Գրավոր պատասխանում նաև նշված է՝ «աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը»։ Ընկերությունում աշխատողները, սակայն, «Ազատությանն» ասացին, որ նախկինում պլանային կանգառները տևել են 2 շաբաթից մինչև մեկ ամիս։

Հայտնի չէ՝ Թեղուտի 1215 աշխատողներից քանի՞սն է այսօր արձակուրդի կամ հարկադիր պարապուրդի մեջ։ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը նշեց, թե ընկերությունն այդ մասին կտեղեկացնի փետրվարի 1-ից սկսած․ նախատեսված է, որ այդ ժամանակ ընկերության աշխատողների մի խումբ ևս ժամանակավորապես կհայտնվի պարապուրդի մեջ։

Վերջին օրերին բնապահպանները բազմիցս ահազանգել են Թեղուտի պոչամբարում ստեղծված վթարային վիճակի մասին։ Մինչդեռ այդ լուրերը «սուտ» համարող ընկերությունն ասում է, թե պոչամբարում որևէ խնդիր չունեն, ավելին՝ պատրաստվում են մոտակա տարիներին զարգացնել կոմբինատն ու ավելացնել արդյունահանման ծավալները։ Մասնավորապես, ընկերությունից «Ազատությանը» հայտնել են, թե այժմ լրամշակում են համապատասխան նախագիծը, ինչից հետո փաստաթղթերի ամբողջական փաթեթը կներկայացնեն կառավարությանը։

Հիշեցնենք՝ անցյալ տարի օգոստոսին Թեղուտ գյուղում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել էր արդյունահանման ծավալները կրկնապատկելու ծրագիրը։ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները, ովքեր պնդում են, թե հանքավայրի գործունեության պատճառով մեծ վնասներ են կրում, դեմ էին արտահայտվել ընդլայնման ծրագրերին: «Վալլեքս» ընկերությունում, սակայն, համարում են, որ հանրությունը ոչ թե դեմ է եղել, այլ «հնչել են առանձին մտահոգություններ, որոնք, կարող են հաշվի առնվել նախագծի հաստատման ընթացքում»:

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը, ով մոտ 10 տարի «Թեղուտ» ընկերության հետ դատական քաշքշուկների մեջ է՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան, ասում է՝ ընկերությունն իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է պարտավորությունները։ Այժմ հանքավայրի շրջակա գյուղերի բնակիչներով հերթական ստորագրահավաքն են կազմակերպում։ «Ստորագրահավաք ենք անելու, ուղարկենք վարչապետին, լիցենզիան հետ վերցնելու համար: Էս կազմակերպությունը լիցենզիան ստացել ա կառավարությանը խաբելով»,- «Ազատությանն» ասաց Ալիխանյանը:

Թեղուտում չաշխատող մարդիկ շարունակում են դժգոհել, մատնանշելով հանքավայրից տեղի ունեցող արտանետումների հետևանքով տուժած այգիները: Հանքավայրում աշխատողներն էլ մտահոգված են՝ հանքի փակվելու դեպքում իրենց ընտանիքները սովի կմատնվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG